
Ինչպես հայտնի է, «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծի քվեարկությունը հետաձգվել է: ԱԺ նախագահից այսօր լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյոք հետաձգումը պայմանավորված է աշխարհաքաղաքական հարցերո՞վ, ինչին Սիմոնյանը բացասական պատասխան տվեց:
«Չէ, ոչ մի աշխարհաքաղաքական բան չկա»,- պատասխանեց Սիմոնյանը:
Հարցին ի պատասխան, թե իշխանությունը մտադի՞ր է դա ընդունել՝ ասաց. «Իհարկե, մտադիր է: Բացի տեխնիկականից՝ որևիցե բան չկա: Օրենսդրական նախաձեռնությունը եղել է հանրության կողմից, մենք դրան կողմ ենք քվեարկել»:
Պատասխանելով հնարավոր հետևանքների մասին մտահոգություններին՝ իբրև Հայաստանը պետք է դրանից հետո ԵԱՏՄ-ից դուրս գա՝ Սիմոնյանն ասաց. «Այս փուլում որևիցե այլ տարբերակ ու այլ բան չի քննարկվում: Այս փուլում միայն դրան կողմ քվեարկելու որոշումը «Քաղաքացիական պայմանագիր»-ն ունի և հաջորդիվ կքվեարկի կողմ»:
Լրագրողներից մեկի դիտարկման առիթով, թե Թրամփ-Զելենսկի զրույցից հետո իշխանությունը որոշել է վերանայել իր որոշումը, հետքայլ անել, Սիմոնյանը տարակուսեց՝ ո՞րն է Ուկրաինայի հետ զուգահեռներ անելու պատճառը:
«Ոչ մի կապ չունի: Հիմա ես սպասում եմ իր գործընկեր Մատվիենկոյի այցին: Հունիսի 5-6-ը տիկին Մատվիենկոն կժամանի: Հրավերը ես տվել եմ իմ առաջին այցի ժամանակ: Պաշտոնական այց է»,- հայտնեց ԱԺ նախագահը:
Ինչ վերաբերում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ադմինիստրացիայի հետ հարաբերություններին, Սիմոնյանը դրանք բնութագրեց որպես դրական:
«Մենք աշխատում ենք նրանց հետ, գործընկերային հարաբերություններ ունենք և շարունակելու ենք աշխատել»,- հավաստիացրեց Ալեն Սիմոնյանը:
ԱԺ նախագահը նաև ընդգծեց, որ Հայաստանը երբեք չի որդեգրել ԱՄՆ-ի Դեմոկրատական կամ Հանրապետական կուսակցության նկատմամբ առանձնահատուկ մոտեցում։
«Մենք բալանսը որևիցե ձևով չենք խախտում»,- խոսքը եզրափակեց նա:
Ավելի վաղ հայտնել էինք՝ «Եվրամիությանը Հայաստանի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» նախագիծն ԱԺ այս քառօրյայում չի ընդգրկվի:
Հիշեցնենք, որ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել է «Եվրամիությանը Հայաստանի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» նախագիծը, որն Ազգային ժողով է ներկայացվել քաղաքացիական նախաձեռնության ձևաչափով:
Նախաձեռնությունը հավաքել էր 50 հազարից ավելի քաղաքացիների ստորագրություն, ապա հաստատվել էր Կառավարության կողմից և ներկայացվել խորհրդարանի քննարկման:
Այն առաջին ընթերցմամբ քննարկվել և ընդունվել է Ազգային ժողովի նախորդ քառօրյայի շրջանակում: