
ԱԺ լիագումար նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ քննարկվել է ««Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում Ծիծեռնակաբերդի խճուղի 5 հասցեում գտնվող մարզակառույցը հանել օտարվող գույքի ցուցակից և հանձնել ԿԳՄՍ նախարարությանը:
Հարցը զեկուցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը` նշելով, որ օրենսդրական նախաձեռնությունը նպատակ ունի լուծում տալ հանրապետությունում մարզակառույցների սղության և անհրաժեշտ սպորտային միջավայրի բացակայության խնդրին: Նրա խոսքով՝ նախագծի ընդունմամբ ապահովվում է կարևորագույն սպորտային ենթակառուցվածքներից մեկի` պետության տնօրինմանը վերադարձը:
«Մասնավորի հետ համագործակցությամբ նախատեսում ենք այստեղ ունենալ ամբողջական զարգացած, արդիական համակարգ, որը կօգնի նաև խոշորագույն մարզական մրցաշարերի կազմակերպմանը, ուսումնամարզական հավաքների իրականացմանը՝ ամենատարբեր մարզաձևերի ուղղությամբ: Հաշվի առնելով, որ հարևանությամբ գործում է նաև Մարզահամերգային համալիրը՝ կունենանք ամբողջական ենթակառուցվածք՝ ավելի խոշոր միջոցառումներ հյուրընկալելու և ավելի համակարգային մոտեցում ցուցաբերելու համար: Գույքը բավական մաշված է, և ներդրումների կարիք կա: Վստահ եմ՝ այս առումով ևս կգտնենք լավագույն եղանակը»,- ասել է Ժաննա Անդրեասյանն ու տեղեկացրել՝ արդեն իսկ կան քննարկումներ գույքի հետագա զարգացման ուղղությամբ:
ԿԳՄՍ նախարարը նաև ընդգծել է՝ մարզական ենթակառուցվածքների զարգացումը ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2024-2030 թվականների ռազմավարության կարևորագույն դրույթներից է:
Հարակից զեկուցող, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ջուլիետա Ազարյանը նշել է՝ նախագիծը սահմանված կարգով ստացել է գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը: Նա առաջարկել է կողմ քվեարկել նախագծին՝ հաշվի առնելով, որ կոնցեպտուալ առումով համալիրը բացառիկ է լինելու:
Ծիծեռնակաբերդի խճուղի 5 հասցեում տեղակայված մարզահամալիրն ունի վարչական տարածք, ճաշարան, ննջարանային մասնաշենք՝ նախատեսված շուրջ 60 հոգու համար, 2 մարզադահլիճ՝ յուրաքանչյուրը 1600քմ: Մարզահամալիրը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հանձնելուց հետո նախատեսվում է այն հիմնանորոգել և ստեղծել հավաքական թիմերի մարզման կենտրոն: Հաշվի առնելով ննջարանային մասնաշենքի և երկու մարզադահլիճների առկայությունը՝ մարզակառույցը կծառայի ուսումնամարզական հավաքների, ՀՀ առաջնությունների և այլ մրցաշարերի անցկացման համար: