ՔՊ-ն ապահովում է իր վերարտադրումը 2026թ.-ի ըն...

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «ՔՊ-ն 2026 թվականի ընտրություններից առաջ նոր փոփոխություններ է կատարում ՀՀ ընտրական օրենսգրքում՝ ապահովագրելով իրեն հետագա խնդիրներից։ Այսպիսով՝ ԸՕ նոր փոփոխություններով իշխանությունները հնարավորություն են ստեղծում արտակարգ կամ ռազմական դրություն հայտարարելու միջոցով չեղարկելու ընտրության արդյունքները եւ նոր ընտրություն նշանակելու քվեարկության նախնական արդյունքների պահին, եթե ստացված արդյունքներն իրենց «սրտով» չլինեն։

Առաջին ընթերցմամբ ընդունված նախագծում նշվում է. «Եթե ռազմական կամ արտակարգ դրությունը հայտարարվել է Ազգային ժողովի կամ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները ամփոփելու եւ դրանք արձանագրությամբ վավերացնելու պահից հետո մինչեւ համապատասխանաբար՝ նորընտիր Ազգային ժողովի կազմավորումը, ավագանու ձեւավորումը, կամ մեծամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքները մարզպետին ներկայացնելը, ապա ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարվելու պահից ընտրական գործընթացն իրավունքի ուժով համարվում է կասեցված՝ բացառությամբ սույն հոդվածով նախատեսված՝ ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները ամփոփելու եւ դրանք արձանագրությամբ վավերացնելու պահին հաջորդող ընտրական գործընթացի փուլերին վերաբերող առանձնահատուկ դեպքերի»։

Այսինքն՝ ստացվում է, կարող են ընտրություններն անցկացվել, հետո եթե դրա արդյունքները գոհացուցիչ չլինեն, դրանք կչեղարկվեն եւ նոր ընտրություններ կանցկացվեն։ ՔՊ-ականները տարբեր մեթոդներով երաշխիքներ են ստեղծում իրենց հետագա վերարտադրման համար ու նախապես ապահովագրում են իրենք իրենց, որպեսզի եթե ընտրությունների արդյունքներն իրենց ուզածով չլինեն, ապա չհրապարակվեն: Շատ «ժողովրդավար» մոտեցում է»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: