Հովհաննավանքում «պատարագի» մասնակից դպիրը, պարզվել է, որ ՔՊ–ական պատգամավոր Տիգրան Պարսիլյանի օգնականն է։
Այսօր՝ նոյեմբերի 18–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում Պարսիլյանն անդրադառնալով այս փաստին, նշեց. «Նա հանրային հիմունքներով օգնականն է, ամիս-ամսաթվով չեմ կարող ասել՝ երբ է դարձել օգնական։ Ինքը ՔՊ կուսակցության երիտթևի անդամներից է, և նաև որպես քաղաքական փորձառություն, ես իրեն նշանակել եմ իմ մոտ օգնական։ Գիտեք, որ վճարովի չէ, հանրային հիմունքներով օգնական է։ Ինքն ունի նաև իրավաբանական կրթություն և իրավական հարցերով է օգնում ինձ»։
Դիտարկմանը, որ նրան ԱԺ–ում լրագրողները չեն տեսել, ՔՊ–ական պատգամավորն ասաց. «Դե հանրային հիմունքներով օգնականը ամենօրյա աշխատանք չի, որ պետք է անընդհատ գնա–գա։ Ես ունեմ նաև այլ օգնական»։
Անդրադառնալով նրան, որ իր օգնականը, ով դաջվածքներ ունի, որպես դպիր է հանդես եկել, Պարսիլյանն ասաց. «Ես մարդկանց կրոնական կողմնորոշմանը աշխատում եմ չմանրանալ, առավել ևս պահանջներ չներկայացնել, որովհետև մենք ապրում ենք սահմանադրական երկրում և ոչ թե կրոնական երկրում։ Դաջվածքի մասով, ես դաջվածքների դեմ ոչինչ չունեմ։ Այլ խնդիր է, որ կարող է կրոնական տեսանկյունից Աստծու արարչագործությունը որպես մարմինը պետք չի փոփոխել, բայց կներեք այդ դեպքում բոլորս պետք է խոսենք օղերի և այլնի առկայությունից։ Կրոնական մասով ես երբեք էլ այդ քննարկում չեմ ունեցել, այդտեղ իրավական որևիցե բան չկա, որ ես անհանգստանամ։
Ես հրապարակված նյութից եմ իմացել, որ ինքը ձեռնադրվել է Նավասարդ Կճոյանի կողմից»։



