Քոչարյանին կալանավորելու որոշում կայացրած դատ...

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը պատրաստվում է բողոքարկել Վերաքննիչ քրեական դատարանի կողմից երեկ հրապարակված դատական ակտերը։ Բողոքարկման հիմք է հանդիսանում այն փաստը, որ ի սկզբանե խաթարված է եղել արդար դատաքննության սկզբունքը․ փաստաբաններին չի թույլատրվել ելույթ ունենալ և ներկայացնել իրենց առարկությունները։ 

Հիշեցնենք, որ դատարանը՝ նախագահությամբ Արմեն Դանիելյանի որոշել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը։

Politik.am-ի հետ զրույցում Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը հայտնեց, որ բողոքարկելու են երկու տարբեր որոշումներ դեմ, սակայն օրը դեռ պարզ չէ: 

Զրույցում անդրադարձանք նաև Հայկ Ալումյանի նախկինում արված դիտարկումներից մեկին, որի համաձայն` Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակումից հետո, դատարանների մուտքերը փակելու քայլը նպատակ ուներ ոչ միայն պատժել այն դատավորին, ով «համարձակվեց» ազատ արձակել Քոչարյանին, այլ նաև ահաբեկել այն դատավորներին, ովքեր հետագայում պետք է քննեն նրա գործը.

«Այսինքն` այսուհետ ցանկացած դատավորը, ով գործ է ունենալու Քոչարյանի գործի հետ, արդեն հասկանում է` ինչ տեղի կունենա, եթե իր կողմից կայացվելիք դատական ակտը դուր չգա այսօրվա գործադիր իշխանությանը»,- ասել էր նա:

Ըստ Ալումյանի` այս քայլով դատավորների վրա ճնշում գործադրելու փորձը իր ազդեցությունը միանշանակ ունեցել է նաև երեկ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու որոշում կայացրած Արմեն Դանիելյանի վրա: