Քննչական կոմիտեն բացահայտել է թմրամիջոցների ա...

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ա.Ա.-ն 2021 թվականի նոյեմբերից մինչև 2025 թվականի ապրիլն ընկած ժամանակահատվածում այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ «Տելեգրամ» հեռահաղորդակցման հավելվածում գրանցված տարբեր օգտատերերից իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերով «ՄԴՄԱ», «Մարիխուաննա», «Կոկաին» տեսակի թմրամիջոցներ, որոնք առցանց հարթակների միջոցով փոխանցել է թմրամիջոց ձեռք բերելու ցանկություն հայտնած անձանց:

Բացի այդ, Ա․Ա․-ն իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 9.47 գրամ քաշով «Կոկաին» տեսակի թմրամիջոց։

Նախաքննության ընթացքում պարզվել է նաև, որ Ա.Ա.-ն առցանց խանութ-հարթակներից թմրամիջոցներ ձեռք բերելու ցանկություն հայտնած անձանց տրամադրել է մի շարք կրիպտոարժութային դրամապանակների տվյալներ՝ պատվիրված թմրամիջոցի համար նախատեսված գումարը նշված դրամապանակներին փոխանցելու նպատակով:

Այսպիսով, Ա.Ա.-ի և մի խումբ անձանց կողմից ստացվել ու տնօրինվել է հանցավոր ճանապարհով ձեռք բերված և տարբեր էլեկտրոնային դրամապանակների և բանկային հաշիվների փոխանցված առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 29 մլն 292 հզր 406 ՀՀ դրամ գումար: 

Ա.Ա.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը) և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը): 

Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը։

Մեկ անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: