ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը մասնակցել է փախստականների ներհոսքին արձագանքելու՝ Եվրոպայի խորհրդի միջոցառումների փաթեթի իրականացման շուրջ երկխոսությանը, որի ընթացքում գնահատվել է ծրագրի առաջընթացը, քննարկվել են հետագա գործողությունները։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:
Ծրագիրը մեկնարկել է 2024 թվականին՝ Հայաստանում փախստականների մեծ հոսքերի հետ կապված խնդիրների լուծման և աջակցություն ցուցաբերելու նպատակով։ Արձագանքման փաթեթի շրջանակում իրականացվում են չորս հատուկ նախագծեր, որոնք վերաբերում են տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանը, մարդու սոցիալական իրավունքների ամրապնդմանը, փախստականներին ընդունող համայնքների աջակցությանը և երեխաների իրավունքների պաշտպանությանը։
Ընթացիկ նախագծերին ավելացվել է ևս երկու բաղադրիչ՝ առողջապահության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանությունը և կանանց նկատմամբ բռնության դեպքերի կանխարգելումը՝ նպաստելով գենդերային հավասարության ապահովմանը։
Պանելային քննարկման ընթացքում Արմեն Ղազարյանն անդրադարձել է 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանության ընթացքում իրականացված գերատեսչական աշխատանքներին՝ մանրամասնելով այդ օրերի հաշվառման գործընթացներն ու ՆԳՆ ենթակա մարմինների, այդ թվում՝ Ոստիկանության և Փրկարար ծառայության գործունեությանը։ Նա նաև ներկայացրել է համագործակցության արդյունքում Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում արդեն իսկ գործող զանգերի կենտրոնի աշխատանքը, որն ապահովում է քաղաքացիների խնդիրներին արագ արձագանք և արդյունավետ լուծումներ։



