Քննարկվել են «Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշր...

ԱՄՆ-ը Ավստրալիայի կառավարությանը խնդրում է «որքան հնարավոր է շուտ» ավելացնել պաշտպանական ծախսերը մինչեւ ՀՆԱ 3,5%-ը։ Այս մասին հայտնել է Պենտագոնի մամուլի ծառայությունը։ Այսպիսի կոչ է արել ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը Ավստրալիայի իր գործընկեր Ռիչարդ Մարլզի հետ հանդիպմանը, որը տեղի է ունեցել ուրբաթ Սինգապուրում, «Շանգրի-Լա երկխոսություն» ֆորումի շրջանակում։ Մարլզն արդեն հայտնել է լրատվամիջոցներին, որ ամերիկացի գործընկերն իրեն կոչ է արել ավելացնել ռազմական ծախսերը, սակայն չի հստակեցրել, թե որքանով։ «Պաշտպանության ծախսերի մասով նախարար Հեգսեթը նշել է, որ Ավստրալիան պետք է որքան հնարավոր է շուտ հասցնի իր ռազմական ծախսերը ՀՆԱ 3,5 տոկոսին»,- նշվել է Պենտագոնի հայտարարությունում: Կողմերը նաեւ քննարկել են «Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում անվտանգության ներդրումները, Ավստրալիայում ԱՄՆ ռազմական ներկայությունը մեծացնելու նախաձեռնությունների արագացումը, համագործակցությունը պաշտպանական արդյունաբերության զարգացման գործում եւ մատակարարման շղթայի ճկունության ամրապնդումը»:Հեգսեթի հայտարարած պաշտպանական ծախսերի մակարդակը համահունչ է ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Մարկ Ռյութեի նախաձեռնությանը, որն առաջարկել է դաշինքի երկրների ռազմական բյուջեները հասցնել ՀՆԱ 3,5 տոկոսի, ինչպես նաեւ ՀՆԱ լրացուցիչ 1,5 տոկոսը ծախսել ենթակառուցվածքների վրա, որոնք կարող են օգտագործվել պատերազմի ժամանակ: Նախաձեռնությունը նախատեսվում է քննարկել հունիսի վերջին Հաագայում կայանալիք ՆԱՏՕ ղեկավարների գագաթաժողովում։