
««Հայաստանի Հանրապետության եւ Ճապոնիայի միջեւ եկամուտների կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելն ու շրջանցելը կանխելու մասին» կոնվենցիան վավերացնելու մասին» օրենքի նախագիծը քննարկման է ներկայացրել ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը:
Նախաձեռնությամբ վերականգնվում է կրկնակի հարկումը բացառող իրավահարաբերությունների պրակտիկան: Փոխադարձաբար երկրների ռեզիդենտների համար սահմանվում են ավելի նպաստավոր հարկային պայմաններ, քան երկրների օրենսդրությամբ է նախատեսված: Կայուն ու կանխատեսելի հարկային միջավայր է ձեւավորվում:
Համաձայնագրերում պասիվ եկամուտների հարկման իրավունքն առաջնահերթորեն վերապահվում է եկամուտների վճարման աղբյուր երկրին, այս դեպքում եւս համաձայնագիրը բացառություն չէ: Որոշ դեպքերում նախատեսվել են նաեւ գործող ազգային օրենսդրությամբ սահմանված դրույքաչափերից ավելի ցածր դրույքաչափեր, հատկապես այն պայմաններում, երբ հաղթահարվում է ներդրումների որոշակի շեմ:
Ակնկալվում է ձեւավորել կայուն հիմք երկու երկրների հարկային մարմինների միջեւ փոխադարձ համագործակցության համար:
Հարցն արժանացել է Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությանը: