Քաղաքականությունը առեւտուր է. Ալեն Սիմոնյանն...

Քաղաքականությունը խմբի, ժողովրդի, պետության շահերի սպասարկման միջոց է: Քաղաքականության մեջ կան առեւտրի տարրեր, բայց աներկբա է, որ քաղաքականության հենասյուները սկզբունքներն են, գաղափարներն ու աշխարհայացքը, ուստի այն չի կարող դիտարկվել առեւտրի միջավայր: Քաղաքականությունը ամենուր է, մարդու կյանքին առնչվող բոլոր կողմերում: Հատկապես ներքին քաղաքականությունը պետք է հենված լինի բարոյական արժեքների վրա ու հատկապես այս դեպքում չի կարող առեւտուր լինել, քանի որ սկզբունքները, հավատամքը չի կարող վաճառվել:

Որքան զարմանալի է խորհրդարանական երկրում, խորհրդարանի ղեկավարի բերանից լսել «քաղաքականությունը առեւտուր» է արտահայտությունը․ ««Իմ հոր տունը մի սարքեք առևտրի տեղ», քաղաքականությունը առևտուր է։ Այսինքն՝ ձեզ թվում է, որ մենք մեր միջազգային գործընկերների հետ բանակցում ենք՝ քաղաքական առևտրով չենք զբաղվո՞ւմ։ Եկեղեցին, թողած իր գործը, զբաղվում է առևտրով։ Ինձ համար անընդունելի է, որ եկեղեցին պատարագները վերածել է քաղաքական միտինգների, պատարագների շղարշների տակ միտինգ են կազմակերպում»,-հայտարարել էր Ալեն Սիմոնյանը Ազգային Ժողովում։


Ալեն Սիմոնյանն իհարկե ճշմարտությունն է ասում ու իրականում իրենց համար քաղաքականությունն առեւտուր է: Ի վերջո իրենք դեռ 2018-ից էին հայտարարել, որ իզմեր չունեցող քաղաքական կլան են, բայց որքան դժվար է ընդունել, որ քո, քո երեխաների ու պետության ապագան առեւտրականների ձեռքին է:

Սա աղետի նկարագրություն է: Առեւտրականի միակ հետաքրքրությունը եկամուտն է, իսկ պետությունն ու հանրությունը ունեն սկզբունքներ, հավատամք, առաքելություն, որը կարող են տանել անգամ տնտեսական վնասներ կրելով: Մարդն այդպես է լինում, քանի որ մարդու առաքելությունը փորը կուշտ լինելը չէ, մարդու փորը կուշտ պետք է լինի, որպեսզի արարի, գաղափարներ կյանքի կոչի: Իսկ սրանց դեպքում պարզվեց միակ գաղափարը, իզմը կուշտ լինելն է: Սրանց մասով լավագույն նկարագրությունը տվել է լուսահոգի Ալվարդ Պետրոսյանը․ «Սրանք հիշողություն չունեն: Սրանք միայն հիշում են, որ սոված էին, իսկ հիմա արդեն կուշտ են»,- հարցազրույցներից մեկի ժամանակ ասել էր տիկին Պետրոսյանը:

Հ.Գ. Երեկ երկար փնտրեցի, որպեսզի տեսնեմ, թե եղել է, որեւէ երկրի բարձրաստիճան պաշտոնյա, որ հայտարարած լինի քաղաքականության առեւտուր լինելու մասին: Ժամերի չարչարանքս օգուտ չտվեց` չգտա նման քաղաքական գործչի: Գտա միայն մեկ ամերիկացի տրամսգենդեր մարմնավաճառի անձնական բլոգում նման գնահատական: Հույս ունեմ, որ Ալեն Սիմոնյանի այս հայտարարությունը օտար լեզուներով չի թարգմանվի: Կխայտառակվենք աշխարհում:

Հոդվածագիր՝ Վահագն Ալեքսանյան