
Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հարց ուղղեց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանին՝ անդրադառնալով դատավորների գործերի մակագրման գործընթացին։
Դանիելյանը մտահոգություն հայտնեց, որ որոշ դեպքերում գործերը ձեռքով են մակագրվում, ինչն առաջացնում է կասկածներ հասարակության մոտ:
«Միշտ նույն քաղաքական գործերը հասնում են նույն դատավորներին։ Մեզ մոտ հիմնավոր կասկած է առաջանում, որ գործընթացները օբյեկտիվ չեն, և հիմնականում դրանք ավարտվում են կալանքով»,-նշեց պատգամավորը։
Աթաբեկյանը պատասխանեց, որ էլեկտրոնային մակագրման համակարգը գործում է, և միայն բացառիկ դեպքերում կարող են լինել տեխնիկական խափանումներ:
«Կալանքի գործերը, այդ թվում վերաքննիչ դատարանում, մակագրվում են բացառապես էլեկտրոնային եղանակով։ Որևէ մեկը չի կարող կանխատեսել՝ ում կմակագրվի գործը։ Իսկ միջամտությունը քրեորեն հետապնդելի արարք է»,-ասաց նա։
Դանիելյանը հատուկ ընդգծեց դատավոր Մասիս Մելքոնյանի գործունեությունը:
«Կոնկրետ դատավոր կա՝ Մասիս Մելքոնյան, որը նախկինում «Հանրապետություն» կուսակցության անդամ է եղել։ Հիմնականում նա քննում է քաղաքական գործեր, և 99 տոկոս դեպքերում մարդիկ գնում են կալանքի։ Ոչ այլընտրանքային խափանման միջոցներ, ոչ այլ լուծումներ նրա գործիքակազմում կարծես գոյություն չունեն, ի՞նչ է սա»,-ասաց պատգամավորը։
Ի պատասխան՝ Աթաբեկյանը նշեց, որ որպես ԲԴԽ նախագահ չի կարող կոնկրետ դատավորի գործունեության վերաբերյալ դիրքորոշում հայտնել:
«Չեմ համարում ճիշտ որևէ դատավորի կոնկրետ աշխատանքի մասին մեկնաբանություն տալ։ Հերթապահությունների և գործերի բաշխման հարցը կարգավորվում է դատարանի նախագահի հրամանով և էլեկտրոնային մակագրման միջոցով»,- նշեց նա։