Քաղաքական դաշտում իրավիճակը «պարզաջրվում» է․...

Աստիճանաբար բյուրեղանում է այն դաշտը, որը հանդես է գալու առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ եւ որից քաղաքացին պետք է ընտրություն կատարի եւ քվեն տա այն ուժին, որի հետ, կարծում է, որ Հայաստանի ապագան կլինի գոնե՝ նվազագույնս ապահով ու անվտանգ։

Մի կողմից ունենք իշխանական ճամբարն իր դոմինանտ ուժով՝ ի դեմս ՔՊ-ի եւ կից արբանյակ ուժերի։ Այստեղ ամեն բան կարծես թե պարզ է։ Խնդիր է դրված ամեն կերպ ապահովել Նիկոլ Փաշինյանի վերընտրությունը։ Ընդ որում, իշխանական ճամբարի որոշ ուժեր կարող են հանդես գալ պսեւդո-ընդդիմության դիմակով։

Մյուս կողմից ունենք ոչ իշխանական ճամբարը։ Այստեղ կարծես թե իրավիճակն ավելի հետաքրքիր է։ Ոչ-իշխանական ճամբարը կարելի է համարել հիմնական ինտրիգային դաշտը, քանի որ այստեղ խարդավանքներ է հյուսելու եւ «քաղաքական ականներ» է դնելու նաեւ իշխանությունը։

Իշխանությունը, արդեն նշեցինք, որ Նիկոլ Փաշինյանի վերարտադրության խնդիր ունի դրած։ Դրան կարող է հասնել նաեւ ոչ իշխանական դաշտի կոնսոլիդացիան թույլ չտալով, կամ ոչ իշխանական դաշտի պոտենցիալ ընտրազանգվածը փոշիացնելով։ Դրա համար առաջիկայում այդ դաշտ կուղարկվեն այսպես ասած պսեւդո-ընդդիմադիր ուժեր եւ միավորներ, որոնց խնդիրը ոչ թե ԱԺ անցնելն է եւ երկրի ապագային միտված գործունեություն ծավալելը, այլ՝ ոչ-իշխանական ընտրազանգվածին պառակտելը, փոշիացնելը։

Ոչ-իշխանական դաշտի հաջորդ միավորը ՀԱԿ-ն է։ Առաջին նախագահի անդավաճան քաղաքական հենարանը, ըստ էության, լուրջ փորձության առաջ է կանգնած, քանի որ հայտնի է արդեն, որ Փաշինյանը փորձելու է թուլացնել առաջին նախագահի հենարանը, իրեն այդքան քննադատելու համար եւ գայթակղելով իր կողմն է գրավելու ՀԱԿ-ի ինտելեկտուալներին, որպեսզի գոնե քիչ թե շատ արժանավոր ցուցակով կարողանա հանդես գալ իր թիմի հետ զուգորդված։

Ընդդիմադիր դաշտի մյուս կենսունակ հատվածը ՀՀԿ-«Հայրենիք» դաշինքն է։ Օրեր առաջ նույնիսկ հետաքրքիր լոզունգ էլ դրվեց շրջանառության մեջ՝ ««Հայրենիքի» հետ՝ Հայրենիքի համար»։ Արձանագրենք, 2018-ի ապրիլ-մայիսյան իրադարձություններից հետո, երբ խոսվում էր ՀՀԿ ռեբրենդինգի մասին, ըստ էության հիմա այն կատարվեց։ Սերժ Սարգսյանը բավական լավ շախմատիստի ընդունակություններ ցուցաբերեց եւ կարողացավ իր քաղաքական հենարանը՝ ներկա պահի համար լավ ռեբրենդինգ անել։

ԲՀԿ-ն  արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցի միայնակ։ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ունի իր ստաբիլ վարկանիշն ու ընտրազանգվածը և, ըստ էության,  առաջիկա ընտրություններից հետո ևս բալանսի դեր է կատարելու։

Բավական հետաքրքիր ու խոստումնալից է «Հայաստան» նորաստեղծ դաշինքը (Ռոբերտ Քոչարյան + ՀՅԴ + «Վերածնվող Հայաստան»)։ Այստեղ գործ ունենք ուժեղ լիդերի հետ, ի դեմս, Ռոբերտ Քոչարյանի, եւ երկու կուսակցությունների։ Անդրանիկ հանրահավաքն, իհարկե, տպավորիչ էր իր մարդաշատությամբ, բայց դեռ անելիք կա։ Ուշագրավ էր նաեւ ոչ պաշտոնական գաղափարախոսական կարգախոսը՝ «Արժանապատիվ խաղաղություն եւ բարգավաճում», որը հնչեցրեց երկրորդ նախագահը։

Առաջիկայում արդեն պետք է ընտրողը ուշադիր լինի նախընտրական ծրագրերին, որպեսզի հասկանա, թե ով որքանով է անկեղծ իր հետ։