
ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանը դեկտեմբերի 9-ին Facebook-ի իր էջում գրել էր, որ Գյումրիում երկու հոգի խփել են իր ընկերոջը և սպառնացել, որ հաջորդը ինքն է լինելու։ Կատարվածի վերաբերյալ ոստիկանությունը հաղորդում էր ստացել, պարզվել էր միջադեպի մասնակից անձանց ինքնությունը։ «Շեկո» մականունով 30-ամյա տղամարդը` Գարիկ Ուզունյանը, որը Գյումրու բնակիչ է, հայտնաբերվել և ժամը 22-ի սահմաններում բերման էր ենթարկվել։
Մինչ այդ Սարուխանյանը գրառում էր արել և քննադատել Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցներին` ծաղկեպսակ դնելու համար, ապա ծավալված իրադարձությունները կապել իր գրառման հետ։
Գյումրեցի պատգամավորը նաև փորձել էր այս պատմության մեջ ներքաշել իրավապաշտպան Կարապետ Պողոսյանին, ով իրականում դեպքի վայրում չի եղել և մասնակից չի եղել միջադեպին։ Պողոսյանը, սակայն ծանոթ է դեպքի մանրամասններին, քանի որ ձերբակալված և օրեր անց կալանավորված Գարիկ Ուզունյանն ու Զոհրաբ Եսիմսեյտովը իր մտերիմներն են։
Politik.am-ը զրուցել է Կարապետ Պողոսյանի հետ և մանրամասններ ճշտել ընթացող գործից.«Խայտառակ պրոցես է։ Պատգամավորը վախկոտությունից դրդված գնացել է այս քայլին։ Ինքը նշում է, որ իր կարգավիճակից ելնելով չի կարող համարժեք պատասխան տալ, բայց գոնե կարող էր ճշտել, թե ինչ է տեղի ունեցել։ Այստեղ գործ սարքելու գործընթաց գնաց, որի արդյունքում երկու ակտիվ երիտասարդ զրկվեցին ազատությունից։ Գործի իրավական մասը համարում եմ խայտառակություն, քանի որ ամենավատագույն դեպքում եղածը կարող էին գնահատել ծեծ, բայց գնահատեցին խուլիգանություն, քանի որ ծեծ համարվելու դեպքում չէին կարող մարդկանց ազատությունից զրկել»,-ասաց մեր զրուցակիցը։
Պողոսյանը խոսելով Գարիկ Ուզունյանի կալանավորման մասին ասաց․«Երբ որոշեցին կալանավորել Գարիկ Ուզւոնյանին քննիչը երեք հիմք էր ուղարկել։ Հիմքերը սրանք էին․
Առաջին․ ըստ քննիչի Գարկը կարող է խուսափել նախաքննությունից և որքանով ես եմ տեղյակ անգամ դատավորը սա հիմնավոր չի համարել, քանի որ Գարիկը, եթե խուսափեր անձամբ Երևանից չէր գա Գյումրի։ Իշխանությունները խնդիր էին դրել «ասֆալտին փռելու շոու» նկարել և հանուն դրա բերման ենթարկելու պրոցես իրականացրեցին:
Երկրորդ․ ըստ քննիչի Գարիկը կարող էր ազդել վկաների վրա։ Գործով անցնում են չորս անձ, որոնցից երկուսը տուժող են։ Գործով անցնող չորս անձանց ցուցմունքներն էլ նույնաբովանդակ են։ Այսինքն կար քրեական գործի պատկերը և սա ըստ էության սա ևս շատ թույլ հիմնավորում էր։
Երրորդը․ ըստ քննիչի Գարիկի չկլանավորումը կարող է ծնել նոր հանցանք։ Իմ ունեցած տեղեկություններով քննիչը փորձել է պնդել, որ Գարիկի կողմից երրորդ անձի սպառնալիք է գնացել(խմբ․ խոսքը պատգամավոր Կարեն Սարուխանյանի մասին է)։ Քննիչն ասել է, որ Գարիկը սեռական բնույթի հայհոյանք է տվել պատգամավոր Կարեն Սարուխանյանի մոր հասցեին և եթե նա ազատության մեջ գտնվի, ապա սպառնալիքը կիրականանա։ Մենք երկուշաբթի ասուլիս ենք տալու և փաստաբանը այս մասով առավել մանրամասն կխոսի»:
Կարապետ Պողոսյանը նաև հաստատեց, որ ձերբակալված երկու երիտասարդներն էլ ընդդիմադիր հայացքներ ունեն․«Ճիշտ է նրանք հրապարակային գործիչներ չեն, բայց ընդդիմադիր հայացքներ ունեն։ Իրենք էլ իրենց չափով մասնակցել են տարբեր ակցիաների և բազմաթիվ անգամներ քննադատել են գործող իշխանություններին»,-ասաց մեր զրուցակիցը։