Քաղաքացին հաղթել է Երևանի քաղաքապետարանին

Հայկ Մարությանի` Երևանի քաղաքապետ դառնալուց երկու ամիս անց՝ 2018-ի նոյեմբերին, քաղաքապետարանը քանդել է Նոր Նորք վարչական շրջանի Գյուրջյան փողոցի N 1/3 հասցեում գտնվող «Անի-97» ընկերության սեփականություն շինությունը: Պաշտոնապես հայտարարվել էր՝ կառուցվել է առանց շինթույլտվության:

Այս մասին հիշեցնում է Aravot.am-ը՝ տեղեկացնելով, որ «Անի-97» ընկերությունը դիմել է դատարան և առաջին ատյանի դատարանում շահել դատը. դատարանը որոշել է, որ շինությունը քանդելու քաղաքապետարանի հանձնարարականն անօրինական է:

Այս մասին ասել է «Անի-97» ընկերության սեփականատիրոջ շահերի ներկայացուցիչ Արամ Օհանյանը: Փաստաբանն ասել է, որ այսպիսով հիմք է ստեղծվում նաև սեփականատիրոջ համար` քաղաքապետարանի դեմ վնասի փոխհատուցման հայց ներկայացնելու:

Ըստ մասնագետների` փոխհատուցման չափը կարող է գերազանցել 100 միլիոն դրամը: Քանդված շենքի սեփականատերը դեռ մտածում է` դիմե՞լ փոխհատուցման հայցով դատարան, թե՞ ոչ: