Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքում 18 փողոց անվանակոչված է նախկին համայնքապետի՝ Ֆրոնտիկ Թևոսյանի անունով: Վերջինս պաշտոնավարել է 1985 թվականից, պաշտոնից ազատման դիմում է գրել Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո:
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Նոր Գեղի համայնքի ավագանու՝ 4 տարի առաջ կայացրած որոշումը, համաձայն որի՝ համայնքի մի շարք փողոցներ անվանվել են նախկին համայնքապետ Ֆրոնտիկ Թևոսյանի անունով: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից:
Politik.am-ը զրուցեց Նոր Գեղիի նոր համայնքապետ Վարդան Պապյանի հետ, ով ասաց, թե ինքը առնչություն չունի դատարան դիմելու հետ, քանի որ այն գտնվում է իրավական դաշտում: «Բայց, ինչքան հիշում եմ, օրենքով այդպիսի կետ կա, որ մարդը մահացած պետք է լինի, և 10 տարի անցնի, որ հնարավոր լինի փողոց անվանակոչել իր անունով: Ավագանին որոշել, անվանակոչել է իրենցից որևէ մեկի առաջարկով: Դա ավագանու որոշումն է, բայց թե դա ինչքանով է օրենքին համապատասխան, արդեն վիճելի է: Կան նաև հատուկ դեպքեր, որ եթե հայրենիքի համար ծառայություն է մատուցում, որն անգնահատելի է, անվանակոչումը կարող է տեղի ունենալ ոչ միայն մահից 10 տարի անց»,-ասաց Պապյանը:
Մեզ հետ զրույցում Ֆրոնտիկ Թևոսյանն ասա, որ անհասկանալի է համարում Ռոմանոս Պետրոսյանի հայցը, բայց դեմ չի լինի, եթե փողոցները կրկին անվանափոխվեն, եթե կայանա արդար դատավարություն, և ապացուցվի, թե անվանափոխության որոշումն անօրինական է եղել: «Հայաստանում մի քանի տասնյակ նման դեպքեր կան, երբ մարդու կենդանության օրոք նրա անունով փողոց է անվանակոչվում»,-նշեց նա:
Ներկայացնելով պատմությունը՝ նախկին համայնքապետն ասաց.
«2015 թվականին՝ 70 ամյակիս առթիվ, փողոցներն անվանակոչվել են իմ անունով՝ հաշվի առնելով երկարամյա աշխատանքս: Ռոմանոս Պետրոսյանն ի՞նչ անցած ճանապարհ ունի, «Քաջ Նազարի բախտով» էսօր դարձել է մարզպետ, էն էլ Կոտայքի մարզպետ, ու դեմ է փողոցներին»:
Թևոսյանը հիշեց նաև, որ երբ 2018 թվականին Ռոմանոս Պետրոսյանը մարզպետ է նշանակվել, հանդիպել է իր հետ.«Ինձ խնդրեց, որ դիմում գրեմ, հրաժարվեմ պաշտոնից, ես էլ համաձայնեցի սեփական կամքով. երիտասարդների հետ աշխատել չէի ուզում: Ես հրաժարականի դիմում ներկայացրել եմ օգոստոսի 30-ին, որից հետո, իր հազար ու մի գործը թողած, երկու անգամ դիմել է ավագանուն, ավագանին իր որոշումը չի փոխել»:
Նախկին համայնքապետի կարծիքով՝ Ռոմանոս Պետրոսյանը անփորձ է՝ մարզպետ լինելու համար.«Բացարձակ գործից չի հասկանում, ոչ մի ռեալ գործ չի անում՝ բացի դատարաններ դիմելուց»:



