Պուտինը՝ Վրաստանի մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Վրաստանի հետ օդային հաղորդակցության բացումն իր անձնական առաջարկն ու որոշումն է։Նրա խոսքով, Մոսկվան քայլեր է ձեռնարկում Վրաստանի նկատմամբ և հետագայում նույնպես կշարունակի։

Պուտինը վիզաների ռեժիմի վերացումից և օդային հաղորդակցության վերականգնումից հետո Վրաստանում բարձրացված «աղմուկը» միանգամայն անակնկալ և «լիակատար անմտություն» է անվանել։

Հայտնի է, որ 4 տարվա ընդմիջումից հետո Մոսկվան և Թբիլիսին մայիսի 19-ից վերսկսել են ուղիղ չվերթները։

Որոշումը մեծ աղմուկ է բարձրացրել Վրաստանում․ ընդդիմությունը պարբերաբար բողոքի ակցիաներ է իրականացնում։ 

Որոշման դեմ են հանդես գալիս նաև Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին և ընդդիմադիր որոշ շրջանակներ, մինչդեռ երկրի վարչապետը, խորհրդարանի նախագահն ու Թբիլիսիի քաղաքապետը ողջամիտ ու ճիշտ են համարում երկու երկրների միջև օդային հաղորդակցության վերականգնումը։