Պուտինը պարզեցրել է ուկրաինացիների առանձին կա...

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որը վերաբերում է օտարերկրյա քաղաքացիների այն կատեգորիաներին, որոնք իրավասու են դիմել պարզեցված կարգով ՌԴ քաղաքացիություն ստանալու համար:

Ինչպես հայտնում է Russia Today-ը, փաստաթուղթը հրապարակված է իրավական տեղեկատվության պաշտոնական կայքում:

Ըստ հրամանագրի՝ պարզեցված կարգով ՌԴ քաղաքացիություն ստանալու հնարավորությունը տարածվում է որոշակի կատեգորիայի ուկրաինացիների վրա: Մասնավորապես՝ խոսքն այն անձանց մասին է, որոնք ծնվել և մշտապես բնակվել են Ղրիմի տարածքում և մինչև 2014 թ. մարտի 18-ը լքել են դրա սահմանները:

Բացի այդ, պարզեցված կարգով ՌԴ քաղաքացիություն ստանալու հնարավորություն են ստացել Աֆղանստանի, Իրաքի և Սիրիայի այն քաղաքացիները, որոնք ծնվել են Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետությունում (ՌԽՖՍՀ) և խորհրդային քաղաքացիություն են ունեցել:

Աղբյուրը հիշեցնում է, որ ապրիլի 24-ին Պուտինը ստորագրել էր Ուկրաինայի Լուգանսկ և Դոնեցկ մարզերի առանձին հատվածների բնակիչների համար պարզեցված կարգով ՌԴ քաղաքացիություն ստանալու մասին փաստաթուղթը: Ավելի ուշ նա չէր բացառել, որ գործընթացի պարզեցումը կարող է տարածվել նաև բոլոր ուկրաինացիների վրա: