Երեկ՝ նոյեմբերի 16-ի երեկոյան, հայկական կողմի նախաձեռնությամբ կայացած Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի նախագահը Հայաստանի վարչապետին խորհուրդ է տվել գրավոր օգնության խնդրանքով չդիմել եւ նման ընթացակարգ չսկսել: Այս մասին «Ալիք Մեդիան» տեղեկացավ դիվանագիտական աղբյուրներից:
Փոխարենը, 15 րոպե տեւած հեռախոսազրույցի ընթացքում ռուսական կողմը արել է այլ քայլ: Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն կապվել է իր հայ եւ ադրբեջանցի գործընկերների հետ, որից հետո ռազմական գործողությունները դադարեցվել են Հայաստան-Ադրբեջան սահմանի Գորիս/Սիսիան-Քարվաճառ/Լաչին հատվածներում:
Երեկ Երեւանը բանավոր հայտարարության մակարդակով դիմել էր Մոսկվային՝ 1997 թվականից երկու երկրների միջեւ գործող պայմանագրի համաձայն պաշտպանելու Հայաստանի տարածքային ամբողջականությունը, քանի որ Ադրբեջանը հարձակում էր գործել Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա:
«Սա բանավոր դիմում է, որը նաեւ գրավոր ընթացակարգ է ունենալու, բայց մենք ուզում ենք հանրությանը եւ մեր գործընկերներին տեղեկացնել, որ այսպիսի գործընթաց ենք սկսում»,- Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել էր Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Ամբողջական սկզբնաղբյուր կայքում



