«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության 100% բաժնետոմսերի (բաժնեմասի) նկատմամբ կճանաչվի հանրության գերակա շահ: E-draft հարթակում նախագիծը ներկայացրել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։
Դեռ հունիսի 9–ին ՀԷՑ–ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը տեղեկացրել էր, որ Կառավարությունը նախաձեռնելու է ՀԷՑ-ի բաժնետոմսերի գերակա շահ ճանաչելու և օտարելու գործընթաց։
Նա, մասնավորապես, նշել էր. «Մայիսի 25-ին, լրացավ ՀՀ վարչական դատարանի կողմից կիրառված հայցի ապահովմամբ սահմանված ժամկետը, որի ընթացքում ՀՀ կառավարության առաջարկի հիման վրա պետք է տեղի ունենար «ՀԷՑ» ՓԲԸ բաժնետերերի կողմից Ընկերության 100% բաժնետոմսերի՝ Կառավարության հետ համաձայնեցված կարգով օտարում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը՝ նշելով, որ ՀՀ կառավարության կողմից նախաձեռնվելու է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ բաժնետոմսերի՝ հանրության գերակա շահ ճանաչելու և օտարելու (պետականացնելու) գործընթաց։
«Հաշվի առնելով այն փաստը, որ սահմանված ժամկետներում բաժնետոմսերի օտարում տեղի չի ունեցել և ղեկավարվելով «Էներգետիկայի մասին» ՀՀ Օրենքի 52-րդ հոդվածի 3-րդ մասի և ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի իրավանորմերով՝ ՀՀ կառավարության կողմից նախաձեռնվելու է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ բաժնետոմսերի՝ հանրության գերակա շահ ճանաչելու և օտարելու (պետականացնելու) գործընթաց»,- ասվում է հաղորդագրությունում»։
e-draft–ում ներկայացված նախագծում, մասնավորապես, նշվում է. «Հայաստանի օրենսդրությունը թույլ է տալիս սահմանափակել սեփականության իրավունքը, եթե դրա համար առկա է հանրության գերակա շահ, և եթե պահպանվում են իրավաչափության, անհրաժեշտության ու համաչափության սկզբունքները։ Պետական մարմինների գնահատմամբ՝ եթե էլեկտրաէներգիայի բաշխման ոլորտում առաջացած խնդիրները կարող են վտանգել հանրային շահը, պետության միջամտությունը կարող է համարվել իրավաչափ»։
Հիմնավորման մեջ ուշադրություն է դարձվում նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից ՀԷՑ-ի լիցենզիայի դադարեցման գործընթացի նախաձեռնմանը։ Նախարարության գնահատմամբ՝ այդ քայլը վկայում է, որ իրավասու մարմինը արձանագրել է հնարավոր խախտումներ կամ ռիսկեր, որոնք կարող են վտանգել հանրային շահը։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է բնակչության անխափան էլեկտրամատակարարմանը, սոցիալական և ռազմավարական նշանակության օբյեկտների բնականոն գործունեությանը, էներգետիկ համակարգի կայունությանը և սպառողների իրավունքների պաշտպանությանը։
Նախարարությունը շեշտում է, որ բաշխիչ ցանցերի գործունեության խափանումը կարող է հանգեցնել ոչ միայն տնտեսական, այլև սոցիալական և անվտանգային լուրջ հետևանքների։ Հենց այս հանգամանքով է, ըստ հիմնավորման, պայմանավորված պետության ոչ միայն իրավունքը, այլև սահմանադրաիրավական պարտականությունը՝ միջամտելու այն դեպքերում, երբ անհրաժեշտ է պաշտպանել հանրային շահը։
Նախագծում նաև հղում է կատարվում Սահմանադրությանը, համաձայն որի՝ սեփականության իրավունքը բացարձակ չէ և կարող է սահմանափակվել օրենքով, եթե դրա նպատակը հանրության գերակա շահի ապահովումն է։



