Հայաստանում 2026 թվականի մայիսին՝ Ազգային ժողովի ընտրությունների պաշտոնական նախընտրական քարոզարշավի մեկնարկի հետնապատկերին, կտրուկ աճել է Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի նկատմամբ ատելության խոսք պարունակող արտահայտությունների քանակը։ Իրավիճակի մասին ասվում է Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի նոր մոնիթորինգային զեկույցում, որը պատրաստվել է Եվրոպական միության և ԱՄՆ Գերմանական Մարշալի հիմնադրամի (GMF TF) ֆինանսական աջակցությամբ։
Ըստ զեկույցի՝ մայիսին նման հռետորաբանության հիմնական տարածողները եղել են իշխող «ՔՊ» կուսակցության ներկայացուցիչներն ու նրանց կողմնակիցները, իսկ որպես դրա գլխավոր աղբյուր հեղինակները նշում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Արաբկիրի միջադեպը և «դասլքության» թեման
Զեկույցի հեղինակները մանրամասն նկարագրում են մայիսի 18-ի իրադարձությունները, երբ Երևանի Արաբկիր վարչական շրջանում անցկացված քարոզչական միջոցառման ժամանակ Փաշինյանը մեկնաբանել է կասկածելի ծագման մի տեսանյութ, որտեղ ղարաբաղյան բարբառով խոսող դիմակավորված անձինք իրեն մեղադրում էին Լեռնային Ղարաբաղը հանձնելու մեջ։ Ըստ զեկույցի՝ վարչապետը, մեկնաբանելով այդ տեսագրությունը, մեղադրանքները կոնկրետ անձանցից փոխադրել է բոլոր ղարաբաղցիների վրա՝ հայտարարելով, թե նրանք «ֆերարիներով» փախել են մարտի դաշտից և հայ զինվորներին թողել խրամատներում։
Զեկույցում նշվում է, որ նույն օրը տեղի է ունեցել Փաշինյանի բախումը բժշկուհի Արփինե Սողոյանի հետ, որը հիշատակել է 2020 թվականի պատերազմի ժամանակ անհայտ կորած իր եղբորը և վարչապետին մեղադրել երկիրը քանդելու մեջ։ Չնայած այն հանգամանքին, որ կինը որևէ առնչություն չունի Ղարաբաղի հետ, Փաշինյանն, ըստ հետազոտության հեղինակների, դարձյալ անդրադարձել է ղարաբաղյան թեմային՝ զրուցակցին մեղադրելով «Ղարաբաղի միջոցով թալանելու» մեջ։
Օրվա գագաթնակետը զեկույցի հեղինակներն անվանում են վարչապետի բախումը ղարաբաղցի ակտիվիստ Արթուր Օսիպյանի հետ, որը քննադատել է իշխանություններին Ղարաբաղի կոռումպացված պաշտոնյաներին հովանավորելու համար։ Ըստ հետազոտության տվյալների՝ Փաշինյանը պատասխանել է «Ղարաբաղի պսևդոէլիտաների» մասին ռեպլիկով և Օսիպյանից հրապարակայնորեն հետաքրքրվել, թե ինչու է նա ողջ մնացել, եթե շուրջ հինգ հազար մարդ է զոհվել։ Զեկույցի հեղինակներն այս արտահայտությունը բնութագրում են որպես պիտակավորման օրինակ՝ հնարք, որի դեպքում պատերազմից ողջ մնացած մասնակիցը ներկայացվում է որպես «դասալիք» կամ «դավաճան»՝ սոսկ այն հիմքով, որ նա ողջ է մնացել։
Օսիպյանի ձերբակալությունից հետո, որին առաջադրվել էր մեղադրանք երեք հոդվածով, ակտիվիստը հացադուլ է հայտարարել՝ պահանջելով հրապարակային ներողություն վարչապետից. խափանման միջոց կալանքը չեղարկվել է հացադուլի 24-րդ օրը։
Արձագանքը սոցցանցերում և իշխանամետ ակտիվիստների դերը
Զեկույցում նշվում է, որ Օսիպյանի հետ ընդհարումից հետո մի շարք իշխանամետ բլոգերներ սոցցանցերում ուժեղացրել են հակաղարաբաղյան հռետորաբանությունը։ Մասնավորապես, հեղինակները հղում են անում բլոգեր Ռոման Բաղդասարյանի հրապարակմանը, ով ղարաբաղցիներին մեղադրել է վախկոտության և «ավտոմատ պահելու» անընդունակության մեջ, ինչպես նաև ակտիվիստ Անիտա Հարությունյանի տեսաուղերձին, որում նա կրկնել է Փաշինյանի թեզն այն մասին, ըստ որի Օսիպյանը պետք է զոհված լիներ, և ղարաբաղցիներին անվանել է «տականք»։ Հիշատակվում է նաև իշխող կուսակցության կողմնակից Թաթուլ Ասիլյանը, որը կոչ է արել արտաքսել արցախահայերին երկրից։
Զեկույցի հեղինակները նշում են, որ Բաղդասարյանը, որը նախկինում ևս բազմիցս աչքի է ընկել նման արտահայտություններով, իրենց գնահատմամբ՝ վայելում է իրավապահ մարմինների զգալի աջակցությունը, որոնք, ինչպես նշվում է հետազոտության մեջ, շարունակում են անգործություն դրսևորել նման դեպքերի նկատմամբ։
Թալինի դեպքը
Առանձին դրվագ, որը նկարագրված է զեկույցում, տեղի է ունեցել Թալին համայնքում, որտեղ, ըստ հետազոտության տվյալների, վարչակազմի ղեկավար Տավրոս Սափեյանը գնացել է Ղարաբաղից բռնի տեղահանված մի կնոջ տուն՝ իշխող կուսակցության քարոզչական նյութերը փոխանցելու համար։ Այն բանից հետո, երբ կինը հայտարարել է, որ չի հետաքրքրվում քաղաքականությամբ, պաշտոնյան, համաձայն զեկույցի, հիշեցրել է նրան պետական օգնության մասին և զգուշացրել, որ նման պահվածքով նա «երկար չի ապրի» Հայաստանում՝ առաջարկելով նրա համար Ռուսաստանի տոմս գնել։ Կնոջ այն խոսքերին, թե ինքը գերադասում է «արժանապատիվ մեռնել», նա, ինչպես պնդում է հետազոտությունը, պատասխանել է ռեպլիկով, որ նա պետք է մեռներ Ղարաբաղում։
Զեկույցի հեղինակներն այս դեպքը մեկնաբանում են որպես տեղահանվածներին տրամադրվող պետական օգնությունը որպես քաղաքական ճնշման և լոյալության պահանջի գործիք օգտագործելու օրինակ։
Հեղինակների եզրակացությունները
Զեկույցի եզրափակիչ մասում հեղինակները հանգում են այն եզրակացության, որ մայիսին արցախահայերի նկատմամբ ատելության բորբոքման հիմնական պատասխանատվությունը կրում են իշխանության ներկայացուցիչները՝ վարչապետի գլխավորությամբ, ով, իրենց գնահատմամբ, համակարգված կերպով վերարտադրում է նարատիվներ, որոնք տեղահանվածներին ներկայացնում են որպես «դասալիքներ» և նրանց վրա են դնում պատերազմի հետևանքների պատասխանատվությունը։ Հեղինակները փաստում են նաև, որ Հայաստանի իրավապահ մարմինները շարունակում են չարձագանքել նման դեպքերին։



