Փաշինյանի նպատակը եղել է պարտությունը․ ինչ ցո...

Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ական վերնախավը, Արցախում իրենց առաջնորդությամբ արձանագրված աղետալի պարտությունը հիմնավորելու համար, մշտապես հիշատակում են Հայաստանի և Ադրբեջանի ռազմական ծախսերի տարբերությունը։ Նրանք պնդում են, թե մեր պարտության գլխավոր պատճառներից մեկն այն էր, որ Ադրբեջանը Հայաստանից շուրջ երեք անգամ ավելի մեծ ռազմական բյուջե ուներ։ Նրանց հավաստմամբ՝ այսօր Հայաստանի բանակն ավելի լավ վիճակում է, քանի որ պետությունը զգալիորեն մեծացրել է ռազմական ծախսերը։

Սակայն որքանո՞վ է ռազմական բյուջեի չափը որոշիչ բանակի հզորությունը գնահատելու հարցում։ Որպեսզի քննարկումը լինի հնարավորինս օբյեկտիվ, եկեք դիտարկենք ԱՄՆ-ի և Իրանի օրինակը և հասկանանք, թե իրականում որքան մեծ է ռազմական ծախսերի դերը։

2025 թվականին ԱՄՆ-ի ռազմական ծախսերը գերազանցել են 920 միլիարդ դոլարը, մինչդեռ Իրանի ռազմական ծախսերը պաշտոնապես կազմել են 7,4 միլիարդ դոլար։ Անկախ մասնագետների գնահատմամբ՝ Իրանի իրական ռազմական ծախսերը կարող են հասնել մինչև 23 միլիարդ դոլարի։ Այսինքն՝ նույնիսկ այդ գնահատականն ընդունելու դեպքում ԱՄՆ-ի ռազմական բյուջեն ավելի քան 40 անգամ գերազանցում է Իրանի ռազմական ծախսերը։

Այդպիսի հսկայական անհամաչափության պայմաններում Իրանը կարողացավ երկար ժամանակ դիմադրել ԱՄՆ-ի ճնշմանը և ստեղծել մի իրավիճակ, որտեղ Վաշինգտոնը ստիպված եղավ քննարկել Թեհրանի համար ընդունելի պայմաններով լուծումների տարբերակներ։ Սա, իհարկե, չի նշանակում, թե բոլոր խնդիրները լուծված են կամ Իրանը հետագայում մարտահրավերների չի բախվելու։ Սակայն այս օրինակը առնվազն ցույց է տալիս, որ ռազմական ծախսերի մեծ տարբերությունը ինքնին չի երաշխավորում հաղթանակ։ Բանակի արդյունավետությունը պայմանավորված է ոչ միայն ֆինանսական ռեսուրսներով, այլև ռազմավարությամբ, կառավարման որակով, քաղաքական կամքով, հասարակության համախմբվածությամբ և պայքարելու պատրաստակամությամբ։

Մի բան, սակայն, ակնհայտ է. Փաշինյանն ու ՔՊ-ն 2020 թվականին և դրանից հետո նույնպես ունեցել են հստակ նպատակներ և դրանց իրականացման համար գործադրել են իրենց ամբողջ ներուժը։ Այդ նպատակը եղել է պարտությունը ու նրանք հասել են դրան։