Պուտինն ու Տոկաևը ռազմավարական գործընկերությա...

Աստանայում տեղի է ունեցել Ռուսաստանի և Ղազախստանի նախագահների հանդիպումը: Պաշտոնական հաղորդագրությունների համաձայն՝ Վլադիմիր Պուտինն ու Կասիմ Ժոմարտ Տոկաևը քննարկել են փոխգործակցության զարգացման հեռանկարներն արդյունաբերության, էներգետիկայի, նավթագազային արդյունաբերության, էներգառեսուրսների տարանցման, մեքենաշինության, տրանսպորտի, ֆինանսների և այլ ոլորտներում:

Հանդիպման ավարտին ստորագրվել է 20 փաստաթուղթ, այդ թվում՝ Նոր աշխարհակարգի պայմաններում ռազմավարական գործընկերության խորացման մասին համատեղ հայտարարությունը: Այն նախատեսում է միջպետական երկխոսություն՝ «երկու երկրների ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության փոխադարձ հարգանքի հիման վրա»:

Ստորագրված այլ փաստաթղթերի թվում են երկաթուղային և տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման գործում փոխգործակցության կազմակերպման, Ղազախստանին նավթի և նավթամթերքների մատակարարման ոլորտում համագործակցության երկարաձգման, Ռուսաստանի Քննչական կոմիտեի և Ղազախստանի ՆԳՆ-ի միջև համագործակցության և այլ համաձայնագրեր:

Վլադիմիր Պուտինը Ղազախստանին պաշտոնապես հրավիրել է դառնալ BRICS-ի գործընկեր երկիր։

Հանդիպման ավարտին տեղի է ունեցել երկու նախագահների մասնակցությամբ մամուլի ասուլիս։ Տոկաևը նշել է, որ Պուտինի պետական այցը «պատմական իրադարձություն է, որը կարևոր հանգրվան է ղազախա-ռուսական հարաբերությունների զարգացման գործում»։

«Ղազախստանի համար Ռուսաստանը ռազմավարական գործընկեր է և հուսալի դաշնակից»,- ընդգծել է Տոկաևը, հավելել՝ երկու երկրների միջև որևէ վիճելի հարց չկա. Մոսկվան ու Աստանան «միշտ գտնում են հավասարակշռված լուծումներ, որոնք առավելագույնս հաշվի են առնում երկու պետությունների շահերը»։

Պուտինն էլ գոհունակություն է հայտնել բանակցություններից: Կրեմլի ղեկավարի խոսքով՝ միջազգային առանցքային խնդիրների վերաբերյալ Ռուսաստանի և Ղազախստանի դիրքորոշումները շատ մոտ են: Պուտինը Տոկաևին հրավիրել է Սանկտ Պետերբուրգ՝ դեկտեմբերի 24-25-ը մասնակցելու Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին և ԱՊՀ ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը: