Պուտինի ապտակը Էրդողանին արդյունք է տվել․ թու...

Այն բանից հետո, երբ Ռուսաստանը նախ դադարեցրեց ավիահաղորդակցությունը Թուրքիայի հետ ապրիլի 15-ից մինչեւ հունիսի 1-ը, լրջագույն հարված հասցնելով թուրքական տուրիստական ոլորտին, ապա արդեն Սիրիայում ավիահարվածներով 200 թուրքամետ գրոհայինի ոչնչացրեց, Անկարայում կարծես թե հասկացան, որ Մոսկվան դժգոհություններ ունի Անկարայի վարքագծի հետ կապված եւ կարծես թե որոշել են հերթական անգամ «լիզել ռուսի սապոգը»։

Բանն այն է, որ երեկվա տվյալների համաձայն, Թուրքիայից արդեն Ռուսաստան հետ է վերադարձվել 40 հազարից ավել ՌԴ քաղաքացի տուրիստների։ Ամենապարզ հաշվարկի դեպքում եթե այդ տուրիստներից ամեն մեկը 5 օր մնալու լիներ Թուրքիայում եւ օրական ծախսեր 20 դոլար, այսինքն հինգ օրում՝ 100 դոլար, ապա այս փուլում թուրքական տուրոլորտը ամենահամեստ հաշվարկներով արդեն 4 միլիոն դոլար կորցրել է։ Ու սա տեւելու է մինչեւ հունիսի մեկը, ամենից նախնական ժամկետներով։

Սոցիալ-տնտեսական ճգնաժամային իրավիճակում գտնվող Թուրքիայի համար սա չափազանց լուրջ հարված է, որովհետեւ տուրիստական սեզոնը դեռ չսկսված ձախողման վտանգի տակ է հայտնվել։ Այս ամենը հասկանալով է, որ Թուրքիայում որոշել են նահանջել, եւ փորձել հերթական անգամ գտնել իրավիճակային լուծում՝ հարկ եղած դեպքում լիզելով ռուսի սապոգը։

Ու թերեւս սա է պատճառը, որ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն որոշել է առաջիկայում գնալ Մոսկվա եւ քննարկել ավիահաղորդակցության վերականգնման հնարավորությունների հարցը, երբ Թուրքիայում բարելավվի կորոնահամաճարակային իրավիճակը, չմոռանալով նաեւ, ըստ Haberturk-ի հաղորդման, հիշեցնել, որ Ուկրաինային վաճառած իրենց «Բայրաքտարները» Ռուսաստանի դեմ չեն ուղղված։ Ինքնին հասկանալի է, Լավրովի նախազգուշացումն ու Պուտինի ապտակը Էրդողանին արդյունք է տվել։