Պուտինի ապտակը Ալիևին․ Շուշիում արված հայտարա...

Միջազգային քաղաքականության մեջ հայտարարությունները շատ հաճախ ունեն գին։ Երբեմն այդ գինը վճարվում է դիվանագիտական հարաբերություններով, երբեմն՝ տնտեսական ճնշումներով, իսկ երբեմն էլ՝ շատ ավելի տեսանելի ազդակներով։

Շուշիում Իլհամ Ալիևը, պատասխանելով ուկրաինացի լրագրողի հարցին, ոչ միայն հայտարարեց, որ ճանաչում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, այլև փաստացի հրապարակային խորհուրդ տվեց Կիևին շարունակել դիմադրությունը Ռուսաստանին. «Ես այսօր էլ կկրկնեմ իմ խորհուրդը՝ երբեք չհամաձայնել օկուպացիային։ Հենց դա էլ անում է Ուկրաինան»։

Այս հայտարարությունը սովորական դիվանագիտական ձևակերպում չէր։ Այն հնչեց մի ժամանակաշրջանում, երբ Ռուսաստանը շարունակում է պատերազմը Ուկրաինայում, իսկ Ադրբեջանը պաշտոնապես փորձում է հավասարակշռել իր հարաբերությունները թե՛ Մոսկվայի, թե՛ Արևմուտքի հետ։ Այլ կերպ ասած՝ Ալիևը հրապարակայնորեն մտավ մի թեմայի մեջ, որն այսօր Ռուսաստանի համար ամենազգայուն հարցերից մեկն է։

Եվ ահա ընդամենը մեկ օր անց Օդեսայի ափերի մոտ անօդաչու թռչող սարքի հարվածի ենթարկվեց թուրքական ընկերությանը պատկանող առևտրային նավը, որի անձնակազմի 11 անդամները Ադրբեջանի քաղաքացիներ էին։ Նավի ադրբեջանցի կապիտանը համարվում է անհետ կորած։

Քաղաքականության մեջ ժամանակային նման համընկնումները հազվադեպ են ընկալվում պարզապես որպես պատահականություն։ Մեծ տերությունները սովորաբար խոսում են ոչ միայն արտաքին գործերի նախարարությունների հայտարարություններով, այլև ուժի լեզվով։ Երբ անհրաժեշտ է որևէ գործընկերոջ հիշեցնել ազդեցության սահմանների մասին, հաճախ ընտրվում են հենց նման ցուցադրական գործողություններ, որոնք ուղերձ են ավելի, քան ռազմական անհրաժեշտություն։

Այդ տեսանկյունից Օդեսայի մերձակայքում տեղի ունեցածը կարելի է դիտարկել որպես Մոսկվայի քաղաքական պատասխան Ալիևին։ Ոչ թե պաշտոնական նոտայի, այլ ուժի միջոցով փոխանցված ուղերձի ձևաչափով. Ռուսաստանի համար անընդունելի է, երբ նույնիսկ իր գործընկեր համարվող պետության ղեկավարը հրապարակայնորեն պաշտպանում է Ուկրաինայի դիրքորոշումը պատերազմի ամենացավոտ հարցում։

Միջազգային հարաբերություններում երբեմն մեկ հարվածը շատ ավելի խոսուն է, քան տասնյակ պաշտոնական հայտարարությունները։ Եվ եթե այս իրադարձությունները դիտարկենք հենց այդ տրամաբանության մեջ, ապա Օդեսայի ափերի մոտ տեղի ունեցածը կարող է ընկալվել որպես ազդանշան, որ Կրեմլը լսել է Ալիևի խոսքերը և ընտրել է պատասխանելու իր ավանդական լեզուն՝ ուժի ցուցադրության լեզուն։