Ռոբերտ Քոչարյանի հետ ունեցած հանդիպման առնչությամբ ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն անցած ուրբաթ հրավիրվել է ԱԳՆ: Այս մասին հունիսի 17-ին «Ֆեյսբուք» սոցիալական կայքի իր էջում գրել էր ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը.«Այսօր ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստից հետո, որի շրջանակներում քննարկվել էր նաև ՌԴ դեսպանի և Ռոբերտ Քոչարյանի միջև տեղի ունեցած հանդիպումը, խոսել եմ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ։ Նախարարն ինձ տեղեկացրեց, որ իրականում ՌԴ դեսպանն այս առնչությամբ անցած ուրբաթ հրավիրվել է ԱԳՆ»։
Ռուբինյանի այս հայտարարությունը տարակուսանքի տեղիք տվեց, քանի որ, ըստ էության, նոր իշխանությունները փորձում են արգելել Հայաստանում հավատարմագրված դեսպաններին՝ զբաղվել իրենց առօրյա գործունեությամբ, որը չի հակասում ՀՀ օրենքներին և համապատասխանում է Ժնևի կոնվեցիայի պահանջներին:
Իշխանությունների գործողությունների տարօրինակ բնույթը ակնառու է դառնում հատկապես այն դեպքում, երբ հիշում ենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և Հայաստանում ՌԴ դեսպանը հանդիպել էին նաև 2018 թվականի օգոստոսի 22-ին: Այդ ժամանակ, սակայն, իշխանություններն այսքան ջղաձգված չէին, իսկ ԱԳՆ-ն դեսպանին չհրավիրեց և բացատրություն չպահանջեց: Անտեղյակներին հիշեցնենք, որ այդ ժամանակ էլ առկա էր «Մարտի 1»-ի գործը, և երկրորդ նախագահին կար առաջադրված մեղադրանք, որն այս պահին չի փոխվել:
Եթե այն ժամանակ նման հանդիպումը միջամտություն չէր Հայաստանի ներքին գործերին, ապա ի՞նչ է փոխվել այսօր: Իրականում՝ իշխանությունները անհանգստացած են Քոչարյան-Պուտին հնարավոր հանդիպումից: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը աշխատանքային այցով գալու է Հայաստան, և չի բացառվում, որ կհանդիպի նաև նախագահ Քոչարյանի հետ: Իշխանությունները հենց այս փաստից են անհանգստացած և փորձում են դեսպանի հետ այդ միջադեպն օգտագործել, որպեսզի մեսիջ ուղարկեն Ռուսաստանի իշխանություններին, որ Հայաստանի իշխանությունների համար ընդունելի չի լինի Պուտին-Քոչարյան հնարավոր հանդիպումը: Այլ հարց է, որ եթե Պուտինը նման մտադրություն ունի, ապա դժվար թե Հայաստանի իշխանության մեսիջը տեղ հասնի:



