Այսօր Սոչիում տեղի կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Բելառուսի վերընտրված նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը։ Սա նրանց առաջին հանդիպումն է այն բանից հետո, երբ օգոստոսի իննին Լուկաշենկոն վերընտրվեց հերթական անգամ Բելառուսի նախագահի պաշտոնում, եւ սկսվեցին քաղաքական հուզումներ այդ երկրում՝ «գունավոր հեղափոխությունների» սցենարների ժանրի կանոններին համապատասխան։
Երեկ Մինսկում կրկին անհանգիստ է եղել։ Այդ անհանգստությունը հասկանալի էր։ Բելառուսական ընդդիմությունը կամ ավելի ճիշտ՝ վերջինիս կուրատորները պետք է Պուտին-Լուկաշենկո հանդիպումից առաջ ցույց տային, որ իրենք ուժ են, հատկապես, որ ամերիկյան մամուլով տեղեկատվական արշավ էր սկսվել, որ Պուտինն իբրեւ թե ապշել է ցույցերի մասշտաբայնությամբ։ Սա ինչ որ առումով ազդակ էր, որպեսզի այսօրվա հանդիպումից առաջ, օրինակ երեկ նման հերթական մասշտաբայնության ցուցադրություններ լինեին։
Ինչ որ է։ Այն, որ Բելառուսի հարցով այսօր կարեւոր որոշումներ կկայացվեն այսօրվա հանդիպմանը, կասկած լինել չի կարող։ Դրանք կարող են վերաբերել ինչպես քաղաքական կյանքին ընդհանրապես, այնպես էլ հատկապես ռուս-բելառուսական ինտեգրացիոն պրոցեսին, միացյալ պետության ստեղծման գործընթացին։ Պարզ է, որ ինչ որ հանգուցալուծում լինելու է Բելառուսում քաղաքական հուզումների հետ, սակայն նույնքան էլ պարզ է, որ փողոցից եկածները իշխանության չեն հասնելու։ Ում ում, սակայն Կրեմլի եւ Պուտինի համար, վրացական եւ ուկրաինական դառը փորձից ելնելով, դա անթույլատրելի է։
Ընդհանուր պատկերում բավական ուշագրավ էին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի վերջին մեկ շաբաթում կամ տասն օրում արած հայտարարություններում հնչած ակնարկները։ Կարծես թե կա որոշակի սցենար, որ Բելառուսում իշխանության ներսում տեղի է ունենալու փոփոխություն։ Ավելի կոնկրետ՝ ամենայն հավանականությամբ Լուկաշենկոն իշխանությունը կփոխանցի իրեն հաջորդին կամ քաղաքական ժառանգորդին, ով կվայելի Կրեմլի բարեհաճությունը։
Այն, ու Բատկան խոստովանում է, որ համաձայն է, որ չափազանց երկար է մնացել նախագահի պաշտոնում եւ իշխանության վաղ թե ուշ գալու են ուրիշները, սակայն ոչ փողոցի միջոցով, բավական թափանցիկ ակնարկներ են։
Ի դեպ, այս օրերին Հայաստանի այսպես ասած սորոսականները բավական ակտիվ էին բելառուսական թեմայով։ Ամեն կերպ ջանում էին, որպեսզի Փաշինյանի կաբինետը սկսի ծափահարել «Բելառուսական Մայդանին», ինչպես դա արեց Թբիլիսին։
Բարեբախտաբար հայաստանյան իշխանության ներսում դեռ ողջամտություն կա, նման արկածախնդրությունից խուսափելու համար, թեեւ սորոսականները բավական ինքնավստահ են այն ակնկալիքում, որ Փաշինյանն անհնար է, որ իրենց պահանջը այդ մասով չկատարի։



