Երեկ Կրեմլում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Հայաստանի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հանդիպումը թեեւ հանրային տեսանելի մակարդակում որեւէ շոշափելի արդյունքով աչքի չընկավ, սակայն ամեն դեպքում բավական ուշագրավ էր, թեկուզ եւ հայտարարությունների մակարդակում։
Մասնավորապես, հետաքրքիր էր Պուտինի շնորհավորանքը՝ ուղղված Նիկոլ Փաշինյանին՝ արտահերթ ընտրություններում տարած հաղթանակի առիթով։ Խնդիրը ոչ այնքան բուն շնորհավորանքի փաստն է՝ հասկանալի է, որ դա սոսկ արարողակարգային-քաղաքավարական ժեստ էր տանտիրոջ կողմից, որքան այն մտքերը, որոնք ասաց Պուտինը։
Հատկապես այստեղ նկատել է պետք այն, որ Պուտինը իր խոսքում նշել է, որ «կարեւոր եւ բարդ որոշումներ կայացնելու համար կարեւոր է ժողովրդի վստահությունը, որը Նիկոլ Փաշինյանն ունի» անվիճելի կերպով, ինչի ապացույցը արտահերթ ընտրություններում տարած համոզիչ հաղթանակն է, որը ակնհայտ է։
Այս հայտարարությունը բավական նման էր ժամանակին ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի՝ 2018-ի աշնանը Հարավային Կովկաս կատարած շրջայցի շրջանակներում Հայաստան կատարած այցի ընթացքում արտահայտած միտքը այն մասին, որ Նիկոլ Փաշինյանն ունի «ուժեղ մանդատ» եւ կարող է համարձակ որոշումներ կայացնել։ Պուտինի կողմից երեկ ասած խոսքերը Փաշինյանին շատ նման են բովանդակային առումով Բոլթոնի հայտարարությանը։ Ավելին, կարելի է ասել, որ կոնտեքստներն էլ նման է։
Կրկին օրակարգում Ղարաբաղյան կարգավորումն է, որի առնչությամբ համարձակ, կարեւոր, ինչու չէ՝ բարդ որոշումներ կայացնելու վճռականություն է պետք ունենալ։ Այն ժամանակ 70-80 տոկոսանոց վստահության կրեդիտով էր հնարավոր կատարել ու կատարվեց՝ պլանավորած պատերազմի միջոցով կանխամտածված պարտություն և հողերի հանձնում, իսկ հիմա 52-53 տոկոսանոց վստահության կրեդիտով պետք է ավարտին հասցնել սկսված գործը։
Ըստ էության կարող ենք արձանագրել, որ հենց այդ վստահության կրեդիտն է, որ արտաքին խաղացողների մոտ օգտագործվում է եւ այդ վստահության կրեդիտի գերին է դարձել Նիկոլ Փաշինյանը։



