Վուչիչը արձակել է Սերբիայի խորհրդարանը և արտա...

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հաստատել է հանրապետության ընթացիկ գումարման Ժողովրդական սկուպշչինայի (միապալատ խորհրդարանի) արձակման և հոկտեմբերի 25-ին արտահերթ ընտրությունների նշանակման մասին որոշումները։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Կառավարության առաջարկի հիման վրա ստորագրում եմ  հրամանագիր Ժողովրդական սկուպշչինայի արձակման մասին։ Հրամանագիրն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։  Հայտարարում եմ խորհրդարանի պատգամավորների  ընտրությունների անցկացման մասին և դրանք նշանակում եմ հոկտեմբերի 25-ին», - հայտարարել է Վուչիչը ազգին հղած ուղերձում։

Սերբիայի վարչապետ Ջուրո Մացուտը սեպտեմբերի 7-ին Վուչիչին է ներկայացրել առաջարկ խորհրդարանի արձակման մասին, ինչն անհրաժեշտ պայման է արտահերթ ընտրությունների անցկացման համար։ Մինչ այդ կառավարող Սերբիայի առաջադիմական կուսակցության նախագահ Միլոշ Վուչևիչը հայտնել էր, որ Վուչիչը կգլխավորի քաղաքական ուժի ցուցակն առաջիկա խորհրդարանական ընտրություններում և կդառնա վարչապետի իրենց թեկնածուն: