Սուրեն Պապիկյանի՝ պաշտպանության նախարարի պաշտոնը ստանձնելուց հետո բանակում տարբեր ծանր միջադեպեր են գրանցվել։ Ավելին՝ նրա պաշտոնավարման ընթացքում տեղի ունեցավ Արցախի հայաթափումը, որին Հայաստանի իշխանություններն ու զինված ուժերը փաստացի չմիջամտեցին։ Այդուհանդերձ, այս տարիներին Պապիկյանի հրաժարականի հարցը երբեք տևական ու լայն հանրային քննարկման թեմա չի դարձել։
Պատճառներից մեկը, թերևս, այն էր, որ հասարակության զգալի հատվածը բանակում տեղի ունեցող գործընթացների գլխավոր քաղաքական պատասխանատու համարում էր ոչ թե պաշտպանության նախարարին, այլ Նիկոլ Փաշինյանին։ Այդ տրամաբանությամբ՝ անիմաստ էր թվում, օրինակ, զինծառայողների սպանությունների կամ ինքնասպանությունների յուրաքանչյուր դեպքից հետո միայն նախարարի հրաժարականը պահանջելը, երբ պետության առաջին դեմքը տարիներ շարունակ քաղաքական պայքարը կառուցել է հասարակության ներսում կոշտ հակադրությունների, բաժանարար գծերի և փոխադարձ անհանդուրժողականության խորացման վրա։
Դժվար է նաև անտեսել, որ հասարակության ներսում կուտակված լարվածությունն ու ագրեսիան չեն կարող շրջանցել կյանքի առանձին ոլորտները։ Զինված ուժերը հասարակությունից մեկուսացված համակարգ չեն, և երկրում ձևավորված ընդհանուր բարոյահոգեբանական մթնոլորտն անխուսափելիորեն իր ազդեցությունն է թողնում նաև բանակի վրա։
Սակայն վերջին շաբաթներին իրավիճակը փոխվել է։ Հանրային և քաղաքական դաշտում հանկարծ ակտիվորեն շրջանառվում է Սուրեն Պապիկյանի հնարավոր հրաժարականի թեման։ Հատկանշական է նաև ժամանակագրությունը․ այդ խոսակցություններն ակտիվացան Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի պաշտոնանկությունից հետո։
Այս ընթացքում մամուլում հրապարակումներ եղան նաև այն մասին, թե արևմտյան շրջանակները ցանկանում են, որ Նիկոլ Փաշինյանը Արմեն Գրիգորյանին նշանակի մեկ այլ առանցքային պաշտոնի։ Իրադարձությունների հաջորդականությունը առնվազն հիմք է տալիս հարցադրելու՝ արդյո՞ք Պապիկյանի հրաժարականի թեման արհեստականորեն օրակարգում չի պահվում այն շրջանակների կողմից, որոնք ցանկանում են պաշտպանության նախարարի աթոռն ազատել Արմեն Գրիգորյանի համար։
Այսպիսի կանխատեսում Politik.am-ի եթերում արել է նաև քաղաքագետ Ազատ Ադամյանը։ Նրա գնահատմամբ՝ Արմեն Գրիգորյանի պաշտոնանկությունը Նիկոլ Փաշինյանի համար կարող է անհետևանք չանցնել, և առաջիկայում վարչապետը կարող է կանգնել ընտրության առաջ։
Ըստ Ադամյանի՝ Փաշինյանն ունի երկու հիմնական ճանապարհ։ Առաջինը՝ հրաժարվել Արմեն Գրիգորյանին մեկ այլ առանցքային պաշտոնում նշանակելուց և դրա հետևանքով բախվել արևմտյան ազդեցության շրջանակների հնարավոր հակազդեցությանը։ Երկրորդը՝ Գրիգորյանին առաջարկել պետական համակարգի մեկ այլ առանցքային դիրք և այդպիսով փորձել պահպանել Արևմուտքի քաղաքական աջակցությունը։
Քաղաքագետի դիտարկմամբ՝ այդպիսի պաշտոններ կարող են լինել Հանրապետության նախագահի կամ պաշտպանության նախարարի պաշտոնները։ Ընդ որում՝ պաշտպանության նախարարի աթոռը կարող է լինել առավել հետաքրքիր տարբերակը՝ հաշվի առնելով Արմեն Գրիգորյանի տարիների գործունեությունն անվտանգության ոլորտում։
Այս համատեքստում ուշագրավ է նաև Նիկոլ Փաշինյանի՝ Արմեն Գրիգորյանի հետագա գործունեության վերաբերյալ արած հայտարարությունը։ Վարչապետը չի բացառել, որ Գրիգորյանը կարող է անվտանգության ոլորտում այլ դիրք զբաղեցնել։
Հետևաբար, Սուրեն Պապիկյանի հրաժարականի շուրջ հանկարծակի ակտիվացած քննարկումները կարելի է դիտարկել ոչ միայն նրա աշխատանքի նկատմամբ դժգոհության, այլև իշխանության ներսում հնարավոր նոր վերադասավորումների համատեքստում։
Եթե Պապիկյանի հեռացման թեման իսկապես վերածվի քաղաքական որոշման, գլխավոր հարցը կլինի ոչ միայն այն, թե ինչու է հեռանում գործող նախարարը, այլև՝ ով է զբաղեցնելու նրա աթոռը։
Եվ եթե այդ աթոռին հայտնվի Արմեն Գրիգորյանը, ապա վերջին շաբաթների զարգացումները բոլորովին այլ տրամաբանություն կստանան․ Պապիկյանի հրաժարականի շուրջ ստեղծված աղմուկը կարող է պարզվել ոչ թե գործընթացի պատճառը, այլ արդեն նախապատրաստվող կադրային վերադասավորման գործիքը։



