
Հասարակական–քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում անդրադարձել է BBC–ին ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի տված հարցազրույցին և դրա ընթացքում արտգործնախարարին ուղղված հարցերին։ Գրառման մեջ ասվում է.
«Գոնե հիմա ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հասկանու՞մ է, որ պողոսների վարչապետի ներքին ու արտաքին քաղաքական շիլա-շփոթն աննկատ չի մնում աշխարհում: BBC-ի լրագրողի Զ. Մնացականյանին տրված հարցերը` կոռուպցիայի դեմ պայքարից մինչև արցախյան հիմնահարց, տոնայնության և հեգնանքի խորության համատեքստում ոչ այլ ինչ են, եթե ոչ բացահայտ ծաղր ու գնահատական Հայաստանում հաստատված ռեժիմի գործունեությանը: Պարոն Մնացականյան, Ձեզ դու՞ր է գալիս, երբ բրիտանացի լրագրողը հեգնում է` 2018-ին հեղափոխություն եք արել, բայց Ռուստամ Բադասյանի ստեղծած հակակոռուպցիոն մարմինը 2021-ից է բացահայտելու և ուսումնասիրելու կոռուպցիոն դեպքերը: Ձեզ դու՞ր է գալիս, երբ հարցնում են` պողոսների վարչապետը վերջապես ի՞նչ պատկերացում ունի բանակցային գործընթացում: Ձեզ դու՞ր է գալիս, որ հարցնում են` նախկին իշխանությունների օրոք դիվանագետ եք եղել, ո՞նց հայտնվեցիք «նոր» Հայաստանում, ձեր ի՞նչն է նոր: Հեգնանքը նկատեցի՞ք...
Ըստ էության, սա ուղիղ գնահատական է պողոսապետության ղեկավարի եփած ճաշին: Սա այն գնահատականն է, ինչ Փաշինյանի ընտանիքապետությունը վաստակել է ու համառորեն կարծել, թե իրենց երեսպաշտության մասին տեղյակ չեն աշխարհում: Ինչ վերաբերվում է ԱԳ նախարարին, ապա մի հարց կա, որ պետք է պերմանենտ հնչեցնել. պարոն Մնացականյան, Հայաստանի նախկին երեք իշխանությունների օրոք դիվանագիտական պաշտոններ եք զբաղեցրել, Հայաստան եք ներկայացրել, Հայաստանի անունից տարատեսակ հարցերի եք պատասխանել: Սկսած 1991թ.-ից, երբևէ ստիպված եղե՞լ եք այսչափ «կռուտիտ լինել» ու այսչափ ամաչել Ձեր ներկայացրած երկրի ղեկավարի ավանտյուրաներից»: