
Ֆրանսիան և 14 այլ արևմտյան երկրներ աշխարհի տարբեր երկրներին կոչ են արել ճանաչել Պաղեստինի պետությունը, հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն։
Երեքշաբթի ուշ երեկոյան 15 երկրների արտգործնախարարները համատեղ հայտարարություն են տարածել Նյու Յորքում Ֆրանսիայի և Սաուդյան Արաբիայի համանախագահությամբ անցկացված համաժողովից հետո, որը նպատակ ուներ վերականգնել իսրայելցիների և պաղեստինցիների միջև երկու պետությունների լուծման գաղափարը։
«Նյու Յորքում Ֆրանսիան, 14 այլ երկրների հետ միասին, համատեղ կոչ է անում. մենք արտահայտում ենք մեր ցանկությունը՝ ճանաչել Պաղեստին պետությունը և հրավիրում ենք նրանց, ովքեր դեռ չեն ճանաչել, միանալ մեզ»,- Х սոցիալական ցանցում գրել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն։
Հայտարարության մեջ 15 երկրներ, ներառյալ՝ Իսպանիան, Նորվեգիան և Ֆինլանդիան, վերահաստատել են իրենց «անսասան հավատարմությունը երկու պետությունների լուծմանը»։
Համաձայնագրի ստորագրող ինը երկրներ, որոնք դեռևս չեն ճանաչել Պաղեստինի պետությունը, դրանց թվում՝ Ավստրալիան, Կանադան և Նոր Զելանդիան, արտահայտել են իրենց երկրների «պատրաստակամությունը կամ դրական վերաբերմունքը» դա անելու համար։
Տասնյոթ երկիր, ինչպես նաև Եվրամիությունը և Արաբական լիգան, համաժողովում միացել են ՀԱՄԱՍ-ին ուղղված կոչերին՝ զինաթափվելու և Գազայում իր կառավարումը դադարեցնելու համար՝ պաղեստինյան տարածքում ավերիչ պատերազմը դադարեցնելու նպատակով, գրում է Ֆրանսպրես գործակալությունը։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն անցյալ շաբաթ հայտարարեց, որ սեպտեմբերին պաշտոնապես կճանաչի Պաղեստինի պետությունը, ինչը բախվեց Իսրայելի և Միացյալ Նահանգների խիստ դիմադրությանը։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերը երեքշաբթի հայտարարեց, որ Մեծ Բրիտանիան պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը սեպտեմբերին, եթե Իսրայելը չձեռնարկի տարբեր «նշանակալի քայլեր», դրանց թվում՝ չհամաձայնվի Գազայում հրադադարի։