«Վերջին հույսն էլ մարեց». Բաքվի բանտում պահվո...

Բաքվի բանտում պահվող հայ գերիների հարազատներին միջազգային Կարմիր խաչից փոխանցել են՝ այլևս չեն այցելելու գերիներին:

«Մեզ՝ ընդհանուր բոլոր գերիների հարազատներին, ասել են, որ Կարմիր խաչը ընդհանրապես չի այցելելու, էլ հարաբերություն չունենք գերիների հետ», - ասել է գերիներից մեկի հարազատը:

Գերիների հարազատների շրջանում այս լուրը լուրջ մտահոգություն է առաջացրել, քանի որ Կարմիր խաչը միակ կառույցն էր, որ կարողանում էր այցելել Բաքվի բանտերում պահվող հայերին, տեղեկանալ նրանց իրական վիճակին, զբաղվել առողջական խնդիրների լուծմամբ, անհրաժեշտ հագուստ ու հիգիենայի պարագաներ փոխանցել, ինչպես նաև տեսակապ ապահովել հարազատների հետ

«Ազատության» հետ զրույցում գերիներից մեկի հարազատը փոխանցել է՝ «թե՛ իրենց, և թե՛ գերիների վերջին հույսն» էլ մարեց. - «Էդ կապը, Կարմիր խաչը մեծ հույս էր մեզ համար և իրենց համար, որ էլ չկա, մենք արդեն 99 տոկոս հույսից կտրվել ենք, հա՛մ մենք, հա՛մ գերիները: Միակ միջոցը Կարմիր խաչն էր, որ ընտանիքների հետ կապում էր, մի քիչ էդ մարդկանց մոտ լույս էր վառվում, էդ էլ անջատեցիք, էդ էլ կտրեցիք»:

Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Ամատունին այսօր «Ազատության» հետ զրույցում տեղեկացրել է, որ Բաքվի բանտերում պահող հայ գերիներին վերջին անգամ այցելել են հունիսին, այս ամիս այցելություն չի եղել: Ամատունու խոսքով՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի ներկայացուցչությունն Ադրբեջանի իշխանությունների պահանջով առաջիկայում կդադարեցնի իր գործունեությունը:

«Բնականաբար, այդ հարցով է պայմանավորված մեր աշխատանքի բնականոն ընթացքի խաթարումը այս պահի դրությամբ: Կազմակերպությունը կկասեցնի իր գործունեությունը Ադրբեջանում առաջիկայում», - ասել է Ամատունին:

Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ Բաքվում միջազգային կազմակերպության փակումից հետո, Կարմիր խաչն այլևս չի կարողանա այցելել հայ գերիներին: Զառա Ամատունին նշում է, որ այս հարցի շուրջ շարունակվում է երկխոսությունը Ադրբեջանի իշխանությունների հետ, սակայն ձևաչափի մասին հստակություն չկա:

Այսինքն, կարելի է ասել, որ քի՞չ հավանակն է նաև, որ մինչև Կամիր խաչի գրասենյակի վերջնական փակումը, հնարավորություն կլինի այցելել հայ գերիներին: Ամեն դեպքում, ըստ Ամատունու, այս պահին հնարավոր հանդիպման մասին որևէ հաստատում Ադրբեջանի իշխանություններից կողմից չկա:

Բաքվի բանտերում պաշտոնապես պահվում են 23 հայ գերիներ: Նրանց միակ կապը հարազատների հետ այս պահին Ադրբեջանի իշխանությունների միջոցով կազմակերպվող հեռախոսազանգն է: