Փոխնախարար Քամալյանն անդրադարձել է «խելացի» ա...

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում ստորաբաժանումների ղեկավարների հետ` գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերի ընթացիկ արդյունքներն ամփոփելու եւ 2020 թվականին նախատեսվող նոր նախաձեռնությունները քննարկելու նպատակով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արտակ Քամալյանը համառոտ անդրադարձել է 2019 թվականին մեկնարկած պետական օժանդակության ծրագրերին, որոնք միտված են ապահովել գյուղատնտեսական գործունեության բարձր արդյունավետություն եւ խթանել ագրարային ոլորտի հետագա զարգացումը: Նոր նախաձեռնությունների թվում փոխնախարարը հատկապես կարեւորել է 2019-2023թթ. ոչխարաբուծության եւ այծաբուծության զարգացման, 2019-2024թթ. տավարաբուծության զարգացման, փոքր եւ միջին «խելացի» անասնաշենքների կառուցման, փոքր եւ միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման ծրագրերը:

Առանձին անդրադարձ է կատարվել ՀՀ գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարությանը եւ գործողությունների պլանին, միջազգային կազմակերպությունների աջակցությամբ իրականացվող ծրագրերի ընթացիկ աշխատանքներին: Իր խոսքում նախարարի տեղակալը մատնանշել է նաեւ գործող մի շարք ծրագրերում իրականացված փոփոխությունները, որոնք կնպաստեն այդ ծրագրերի արդյունավետության բարձրացմանը:

Նախարարության կողմից մշակված եւ առաջիկայում նախատեսվող ծրագրերի թվում Ա․ Քամալյանը, մասնավորապես, նշել է ՀՀ-ում խոշոր եղջերավոր կենդանիների (ԽԵԿ) համարակալման եւ հաշվառման ծրագիրը, որն ուղղված է հանրապետությունում խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակի վերաբերյալ ստույգ տեղեկատվական բազայի ստեղծմանը, հանրապետության ողջ տարածքով ԽԵԿ-ի տեղաշարժի վերահսկմանը եւ հետագծելիության բարելավմանը, կայուն հակաանասնահամաճարակային իրավիճակի, ինչպես նաեւ սննդամթերքի անվտանգության ապահովմանը:

Ընդգծելով թիմային աշխատանքի կարեւորությունը` փոխնախարարը վստահություն է հայտնել, որ նախարարության ստորաբաժանումների համատեղ ջանքերով եւ համակարգված աշխատանքի շնորհիվ հնարավոր կլինի գյուղատնտեսության ոլորտում հասնել ավելի բարձր արդյունքների։