
Նոյեմբերի 10-ին, ժամը 22։52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղի Բաբաջանյան թաղամասում տեղի է ունեցել ՃՏՊ։ Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Պարզվել է, որ «Chevrolet Niva» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ․ Թ․, ծնված 1975 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ձորը։
Փրկարարները վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնությանը․ վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։
Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը և կատարել հովացման աշխատանքներ։
Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով ավտոմեքենայում հայտնաբերվել է հրացան և փամփուշտներ:
Այսօր՝ նոյեմբերի 11-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ վիրավորներից Նելլի Մ.-ն, գիտակցության չգալով, մահացել է:
Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդն ու մահացածը ամուսիններ են, իսկ վարորդը ծառայում է ՀՀ ՊՆ N զորմասում, կոչումով՝ փոխգնդապետ է:
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան վերամբարձ կռունկի միջոցով պետք է տեղափոխվի ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք: