Անկախ հոռետեսական պնդումների, երեկվա հանրահավաքը, այնուամենայնիվ, «բավարար քանակի» բազմամարդ էր, որպեսզի Բագրատ Սրբազանի կողմից ներկայացվեին սրբազան շարժման եզրափակիչ փուլի ընդհանուր ուրվագծերն ու գործողությունների պլանը։ Ինչն էլ, ըստ էության, տեղի ունեցավ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը։
Նրա խոսքով, Բագրատ Սրբազանը, ազգային իդեալների ու ժողովրդավարական սկզբունքների վրա հիմնված այս շարժման եզրափակիչ փուլում հայտարարեց, որ իշխանափոխությունն, այնուամենայնիվ, իրագործվելու է խորհրդարանական իմպիչմենտի ընթացակարգով։
«Նախևառաջ, այս ճանապարհը, ըստ քաղաքագետների և քաղաքական տեխնոլոգների ու փորձագետների, իշխանափոխություն իրագործելու ամենադժվար ուղղություններից մեկն է, որը բնութագրվում է ինչպես անորոշությունների, այնպես էլ բազմաթիվ փոփոխականների առկայությամբ: Հետևաբար, մնում է հավատալ, որ սրբազան շարժման առաջնորդների կողմից իշխանափոխության բոլոր հնարավոր եղանակներից ընտրվել է այն միակը, որը թեև ամենադժվարն է, բայց ստեղծված հանգամանքներում ամենաիրագործելին է, միևնույն ժամանակ՝ հետագա այլ զարգացումների հնարավորությամբ ու հեռանկարով (օրինակ՝ մանդատների վայր դնելով քաղաքական փակուղի ստեղծելն ու արտահերթ ընտրություններն անխուսափելի դարձնելը)։



