Պետությանն է վերադարձվել Աղավնաձորում գտնվող...

«Գույք ամրակցելու մասին» որոշման նախագծով նախատեսվում է Կոտայքի մարզի Աղավնաձոր բնակավայրում գտնվող 0,5 հա մակերեսով հողամասն ամրակցել Պետական գույքի կառավարման կոմիտեին: Այդ մասին որոշման նախագիծը Կառավարության՝ դեկտեմբերի 27-ի նիստին ներկայացրեց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը:

«Գույքը Հայաստանի Հանրապետությանն է վերադարձվել Հակակոռուպցիոն դատարանի վճռով: [Այն] անտառածածկ տարածք է, որը 2007 թվականին անտառային ֆոնդից փոխադրվել է հանգստի համար նախատեսված հատուկ նշանակության հողերի կատեգորիա և օտարվել է: Ամրակցումից հետո հողամասի հետագա տնօրինումը նախատեսվում է իրականացնել իր իրական նշանակությանը համապատասխան»,- ասաց նախարարը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հետաքրքրվեց, թե արդյո՞ք օրինական ուժի մեջ մտած վճիռ կա:

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը տեղեկացրեց, որ Հակակոռուպցիոն դատարանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 4-ի վճռով է ուժի մեջ մտել, այն բավարարվել է ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակում ներկայացված հայցով և հողամասի կադաստրային արժեքը մոտ 9 մլն 338 հազար դրամ է: