Զինված ուժերում կանանց ներգրավվածությունն աճել է, սակայն որոշումների կայացման մակարդակում նրանց ներկայացվածությունը դեռ սահմանափակ է։ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը կանանց մասնակցության ընդլայնման կարևոր խոչընդոտ է համարում հասարակությունում պահպանվող կարծրատիպերը, այդ թվում՝ այն սխալ ընկալումը, թե զինված ուժերն ու անվտանգության համակարգերը կանանց համար չեն։
Մանասյանն այս մասին հայտարարել է հոկտեմբերի 13-ին Մարդու իրավունքների պաշտպանի և Անվտանգության ոլորտի կառավարման Ժնևյան կենտրոնի (DCAF) համագործակցությամբ կազմակերպված կլոր սեղան-քննարկման ընթացքում։
Միջոցառումը նվիրված էր «Հայաստանի զինված ուժերում կանանց մասնակցության խթանումը և ռազմական կրթության դերը գենդերային հավասարության առաջխաղացման գործում» թեմային։
Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ գենդերային կարծրատիպերը ձևախեղված պատկերացումներ են փոխանցում կանանց ու տղամարդկանց սոցիալական դերերի մասին և խոչընդոտում իրավահավասարության լիարժեք ապահովմանը։
«Կանանց և տղամարդկանց սոցիալական դերերի կարծրացած տարանջատումը շարունակում է լուրջ մարտահրավեր լինել իրավահավասարության և խտրականության բացառման տեսանկյունից։ Խոսելով կարծրատիպերի առանձնահատկությունների մասին՝ հարկ եմ համարում նշել տարածված այն սխալ ընկալումը, ըստ որի զինված ուժերն ու անվտանգության համակարգերն իբր կանանց համար չեն։ Այս կարծրատիպը, ցավոք, շարունակում է պահպանվել նաև մեր հասարակությունում»,– նշել է Պաշտպանը։
Նրա խոսքով՝ այդ պատկերացումները նաև կանանց թիրախավորելու հիմք են դառնում, երբ նրանց անձնական կյանքին առնչվող և այլ հանգամանքներ օգտագործվում են զինված ուժերում ու անվտանգության համակարգերում ընդգրկված կանանց դեմ։ Արդյունքում հարցականի տակ է դրվում և վտանգվում նրանց ներգրավվածության արդյունավետությունը, ինչը պահանջում է հետևողական արձագանք։
Մանասյանն անդրադարձել է նաև կանանց նկատմամբ սեռական ոտնձգությունների դեպքերին, որոնք լայն տարածում ունեն ամբողջ աշխարհում։ Նա կարևորել է կանխարգելման մեխանիզմների կիրառումը, խնդիրների հստակ հասցեավորումը և բոլոր դերակատարների ներգրավումը դրանց լուծմանը։
«Չնայած պետության կողմից կատարված քայլերին ու դրական զարգացումներին՝ մենք չենք կարող աչք փակել առկա բացասական երևույթների նկատմամբ կամ ձևացնել, թե դրանք գոյություն չունեն։ Խնդիրների մի մասը շարունակում է պահպանվել, և եթե այս կարծրատիպերի հաղթահարման ուղղությամբ այսօր չձեռնարկենք լուրջ և հետևողական քայլեր, դրանք շարունակելու են պահպանվել մեր միջավայրում»,– ասել է Անահիտ Մանասյանը։
Պաշտպանը կարևորել է նաև ծառայության պայմանների շարունակական բարելավումը՝ ընդգծելով, որ իրական հավասարությունը ենթադրում է ոչ միայն հավասար վերաբերմունք, այլև կանանց առանձնահատուկ կարիքները հաշվի առնող պայմանների ստեղծում։
Նա կանանց իրավունքների արդյունավետ պաշտպանության համար անհրաժեշտ է համարել պետական մարմինների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և միջազգային գործընկերների համատեղ ու հետևողական աշխատանքը։
Միջոցառման բացմանը ելույթ են ունեցել նաև ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վիլեն Գաբրիելյանը, պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը և DCAF-ի Եվրոպայի ու Ասիայի գծով ղեկավարի տեղակալ, Հայաստանում DCAF աջակցության ծրագրի ղեկավար Անթյե Ֆրիցը։
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել զինված ուժերում կանանց մասնակցության ընդլայնման հնարավորություններին ու մարտահրավերներին, խտրականության հաղթահարմանը, ներառական միջավայրի ձևավորմանը և գենդերային հավասարության խթանման գործում ռազմական կրթության դերին։
Մասնակցել են ՄԻՊ հաստատության, պետական մարմինների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, հայաստանյան ու միջազգային փորձագետներ։ Ներկայացվել է նաև DCAF-ի «Գենդերային հարցերի դասավանդումը ռազմական ոլորտում» ձեռնարկի հայերեն տարբերակը։



