Պետեր Մադյարը Էրդողանին հրավիրել է Հունգարիա՝ նշելու 1956 թվականի հեղափոխության 70-ամյակը: Այս մասին հունգարացի ընդդիմադիր գործիչը գրել է X-ի իր էջում՝ հայտնելով, որ հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։
«Երեկ ես հեռախոսազրույց եմ ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Նախագահ Էրդողանը շնորհավորել է ինձ ընտրություններում հաղթանակի առթիվ և իր բարեմաղթանքներն է հղել Հունգարիային ու հունգար ժողովրդին»,- նշել է Մադյարը։
Քաղաքական գործչի փոխանցմամբ՝ կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել երկու երկրների միջև համագործակցությունը մի շարք առանցքային ուղղություններով, այդ թվում՝ էներգետիկայի, անվտանգության քաղաքականության, առևտրի և մշակույթի ոլորտներում։
Բացի այդ, հայտնի է դարձել փոխադարձ հրավերների մասին:
«Նախագահ Էրդողանը ինձ հրավիրել է Անկարա, իսկ ես նրան հրավիրել եմ Բուդապեշտ՝ նշելու 1956 թվականի հեղափոխության 70-ամյակը»,- հավելել է Պետեր Մադյարը։



