ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ադրբեջանցի զինծառայողի՝ Հայաստանի սահմանը հատելու և հայկական բնակավայրում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ տեղեկություններին։
Նրա խոսքով՝ նույնիսկ մեկ ադրբեջանցու կողմից սահմանը հատելու և հայկական բնակավայրում հայտնվելու դեպքը բավարար է՝ Հայաստանի ներքին ու արտաքին անվտանգության համակարգերի վիճակի վերաբերյալ լուրջ հարցեր առաջադրելու համար։
Աբրահամյանը նշել է, որ իշխանությունների կողմից պարբերաբար ներկայացվող սահմանային ամրաշինական աշխատանքները, տեսադիտարկման համակարգերը և սահմանագծում ներգրավված անձնակազմը, ըստ նրա, չեն կարողացել ժամանակին արձանագրել ադրբեջանցի զինծառայողի՝ սահմանին մոտենալը, այն հատելն ու Հայաստանի տարածքում տեղաշարժը։
Նախկին պատգամավորն ընդգծել է նաև, որ ադրբեջանցի զինծառայողի գտնվելու վայրը, ըստ հրապարակված տեղեկությունների, պարզվել է ոչ թե հատուկ գործողության արդյունքում, այլ քաղաքացիական անձանց հետ տեղի ունեցած միջադեպից հետո։
Աբրահամյանի գնահատմամբ՝ կատարվածը անվտանգության համակարգում առկա խնդիրների և ուժային կառույցների գործունեության առաջնահերթությունների հետևանք է։



