Պետդեպարտամենտը կոչ է արել Հայաստանին ու Ադրբ...

ԼՂ-ում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների եռակողմ հայտարարության ստորագրման մեկ տարվա կապակցությամբ ԱՄՆ պետքարտուղարությունը Երևանին ու Բաքվին հայտնել է շփումներն ակտիվացնելու անհրաժեշտության մասին՝ կոնֆլիկտին առնչվող մնացած բոլոր հարցերը լուծելու նպատակով։

«Մենք կոչ ենք անում Հայաստանին ու Ադրբեջանին շարունակել և ակտիվացնել փոխգործակցությունը, այդ թվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո՝ գտնելու համապարփակ լուծումներ չկարգավորված բոլոր հարցերի համար, որոնք այս կամ այն կերպ կապված են ղարաբաղյան հակամարտության հետ»,-ասվում է ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի գրավոր հայտարարության մեջ։

Պետդեպը ցավակցություն է հայտնել տուժածներին և զոհերի ընտանիքներին՝ նշելով գերիների լիարժեք փոխանակություն իրականացնելու, անհետ կորածներին հաշվառելու, տեղահանվածներին իրենց տները վերադարձնելու, շրջաններն ականազերծելու և կարիքավորներին մարդասիրական կազմակերպությունների հասանելիությունն ապահովելու կարևորությունը։

«Մենք նաև մարդու և միջազգային հումանիտար իրավունքի խախտման ենթադրյալ դեպքերի հետաքննման կոչ ենք անում»,-հավելել է Փրայսը։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը հանձնառու է տարածաշրջանում անվտանգ, կայուն և ծաղկուն ապագայի ապահովմանը։