Բելառուսում մարտի 25-ից ուժի մեջ կմտնեն քրեական պատասխանատվության օրենսգրքերում ուղղումները, որոնք պետական դավաճանության համար մահապատիժ են նախատեսում պաշտոնյաների և զինծառայողների համար, ինչպես նաև քրեական պատասխանատվություն՝ ահաբեկչություն քարոզելու և բանակը վարկաբեկելու համար։ Այդ մասին տեղեկանում ենք «Интерфакс» գործակալությունից:
Նշվում է, որ «Քրեական պատասխանատվության օրենսգրքերում փոփոխություն կատարելու մասին» օրենքը Բելառուսի ազգային իրավական ինտերնետ-հարթակում հրապարակվել է մարտի 14-ին: «Սույն օրենքն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակումից տասն օր հետո», - ասվում է փաստաթղթում։
Մարտի 9-ին օրենքն ստորագրել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Նշվել է, որ փաստաթղթի հիմնական նպատակը «ծայրահեղական (ահաբեկչական) և հակապետական ուղղվածության հանցագործություններին հակազդեցության ուժեղացումն է»։
Օրենքը նախատեսում է պաշտոնատար անձի կողմից կատարված պետական դավաճանության համար քրեական պատասխանատվությունը տարածել պետական պաշտոն զբաղեցնող բոլոր անձանց վրա։ Դրա հետ մեկտեղ, պաշտոնյայի կամ զինծառայողի կողմից պետությանը դավաճանելու համար սահմանվում է պատժի բացառիկ միջոց՝ մահապատիժ կիրառելու հնարավորություն։
Մի շարք հակապետական ուղղվածության հանցագործությունների համար սահմանվում է լրացուցիչ տույժ՝ մինչև 50 հազար բազային մեծության չափով (շուրջ 740 հազար ԱՄՆ դոլար) տուգանքի տեսքով։
Օրենքը նաև քրեական պատասխանատվություն է նախատեսում ահաբեկչության քարոզչության, զինված ուժերի, այլ զորքերի և ռազմական կազմավորումների, ռազմականացված կազմակերպությունների վարկաբեկման և պետական գաղտնիքի պահպանման պահանջները խախտելու համար։ Պետական դավաճանության, պետական իշխանությունը զավթելու նպատակով դավադրության կամ այլ գործողություններ կատարելու մեջ կասկածվող անձանց կալանքի ժամկետն ավելացվում է՝ երեք օրից դառնալով տասը օր։
Միաժամանակ, փոփոխություններով նախատեսվում է քրեական պատասխանատվությունից ազատել այն անձանց, որոնք նախապատրաստվել են դիվերսիայի, բայց հրաժարվել են իրենց մտադրություններից և աջակցել հանցագործությունը կանխելուն։