ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Զարգացման ֆրանսիա...

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) Հայաստանի ծրագրերի պատասխանատու Մարին Լեգարդին։

ՊԵԿ–ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում Էդուարդ Հակոբյանը բարձր է գնահատել ԶՖԳ հետ համագործակցության շրջանակում արդեն իսկ առկա ձեռքբերումները, և հույս հայտնել, որ կշարունակվի ակտիվ համագործակցությունը։

Քննարկվել են հարկային և մաքսային վարչարարության բարելավմանը միտված նոր տեխնիկական աջակցության կարիքներն ու հետագա համագործակցության հնարավոր ուղղությունները՝ կարևորելով խաղային գործունեության բարելավման ուղղությամբ տրամադրվող աջակցության շարունակականությունը,  կրիպտոարժույթների և բլոգերների հարկման միջազգային լավագույն փորձի ուսումնասիրությունը, մաքսանենգության դեմ պայքարի շրջանակում կարողությունների զարգացումը, ինչպես նաև հարկ վճարողների սպասարկման բարելավման նպատակով նորարարական տեխնոլոգիաների (AI, Chatbot) ներդրումը։

Անդրադարձ է կատարվել նաև քաղաքականության վրա հիմնված վարկավորման հնարավոր սպասվելիք ուղղություններին, ներառյալ ՊԵԿ հարկային ու մաքսային նոր ռազմավարությունների շրջանակում։

Հանդիպման ընթացքում ներկայացվել են նաև հարկ վճարողների իրազեկման ուղղությամբ իրականացված աշխատանքները, այդ թվում՝ եկամուտների տարեկան հայտարարագրման գործընթացի շրջանակում կատարված միջոցառումները։