Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Իսրայելի կողմից «Մադլին» զբոսանավի զավթումը, որում գտնվում էր էկոակտիվիստ Գրետա Թունբերգը, պետական ահաբեկչության ակտ է։ «Ծովում «Մադլինի» զավթումը եւ ցեղասպանության ենթարկված մեր ժողովրդին խորհրդանշական մարդասիրական օգնության մատակարարումը կանխելը կազմակերպված պետական ահաբեկչություն են, միջազգային իրավունքի կոպիտ խախտում եւ հարձակում մարդասիրական նպատակներով գործող կամավորների վրա»,- նշվել է շարժման Telegram-ալիքում հրապարակված հայտարարությունում։ ՀԱՄԱՍ-ը դատապարտել է Իսրայելի գործողությունները՝ պահանջելով «անհապաղ ազատ արձակել ակտիվիստներին»։ «Մենք կոչ ենք անում ՄԱԿ-ին եւ այլ միջազգային կազմակերպություններին դատապարտել այս հանցագործությունը եւ անհապաղ միջոցներ ձեռնարկել շրջափակումը բացելու համար»,- հայտարարել է պաղեստինյան շարժումը։ Երկուշաբթի գիշեր Իսրայելի «Շաեթեթ 13» ծովային հատուկ նշանակության ուժերը վերահսկողության տակ են վերցրել Գազայի հատվածի ափ ուղեւորվող նավը, հաղորդել է Ynet-ը: Պորտալը հայտնել է, որ նավը քարշակով կտեղափոխվի Աշդոդի նավահանգիստ: Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ 12 ակտիվիստներով նավը վերուղղորդվել է Իսրայելի ափեր, եւ սպասվում է, որ նրա ուղեւորները կվերադառնան իրենց երկրներ: «Ազատության տորմիղի» կոալիցիային պատկանող «Մադլին» նավը հունիսի 1-ին մեկնել էր Սիցիլիայից՝ Գազայի հատվածի բնակչության համար մարդասիրական օգնություն տեղափոխելով, այդ թվում՝ մանկական սնունդ, տակդիրներ, ալյուր, բրինձ, ջրի ֆիլտրեր, հիգիենայի պարագաներ եւ բժշկական սարքավորումներ: Հունիսի 8-ին Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հրամայել է զինվորականներին ձեռնարկել բոլոր միջոցները՝ Գազայի ափերին զբոսանավի հասնելը կանխելու համար:



