Հայ-ռուսական հարաբերություններում խորացող ճգնաժամը կարող է նոր, շատ ավելի վտանգավոր փուլ մտնել։ Politik.am-ին հասած տեղեկությունները լուրջ հարցեր են առաջացնում Հայաստանի անվտանգության և տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ։
Վերջին տարիներին Երևանի և Մոսկվայի հարաբերությունները հետևողականորեն վատթարացել են։ Ռուսաստանի դժգոհության պատճառներից են Հայաստանի արտաքին քաղաքականության փոփոխությունը, անվտանգության ոլորտում համագործակցության վերանայումը և Ուկրաինայի հետ շփումների ակտիվացումը։
Մոսկվայի համար հատկապես զգայուն էին Աննա Հակոբյանի այցը Կիև և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու այցը Հայաստան։ Սակայն այժմ կարող է ի հայտ գալ շատ ավելի լուրջ խնդիր։
Politik.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Մոսկվայում կասկածներ կան, որ Հայաստանի տարածքում կարող են արտադրվել անօդաչու թռչող սարքեր՝ Ուկրաինայի կարիքների համար։
Ավելին՝ մեր աղբյուրների պնդմամբ, ռուսական կողմի ունեցած տեղեկությունների համաձայն՝ ենթադրյալ արտադրության ընթացքում կարող են օգտագործվել նաև չինական ծագման բաղադրիչներ, որոնց անմիջական մատակարարումն Ուկրաինա դժվարացած է տարբեր սահմանափակումների պատճառով։
Այս տեղեկությունները դեռևս անկախ աղբյուրներով հաստատված չեն։ Ավելին՝ չի կարելի բացառել, որ նման վարկածի տարածման հետևում կանգնած է Ադրբեջանը, որը կարող է փորձել այն օգտագործել հայ-ռուսական հարաբերություններն ավելի սրելու նպատակով։
2026 թվականի օգոստոսի 27-ին ադրբեջանական Modern.az լրատվամիջոցը հրապարակել էր հոդված, որում պնդվում էր, թե Հայաստանը պատրաստվում է ԱԹՍ-ներ արտադրել Ուկրաինայի համար։ Այս և նմանատիպ հրապարակումները տարածվել են նաև ռուսալեզու սոցիալական հարթակներում՝ նպաստելով թեմայի շուրջ քննարկումների ձևավորմանը։ Այս թեմային անդրադարձել են ռուսական lenta.ru-ը newsfront-ը, ադրբեջանական haqqin.az-ը։

Հնարավոր է՝ գործ ունենք ադրբեջանական տեղեկատվական գործողության հետ, որի նպատակն է Ռուսաստանում Հայաստանի նկատմամբ անվստահության խորացումը։ Սակայն այս վարկածը ևս լրացուցիչ ուսումնասիրության կարիք ունի։
Ուշագրավ է, որ մեզ չի հաջողվել գտնել հայկական պաշտոնական կառույցների արձագանքը Modern.az-ի կոնկրետ հրապարակմանը։
Մինչդեռ 2023 թվականի նոյեմբերին, երբ ադրբեջանական և այլ լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել Հայաստանից Ուկրաինա հրթիռներ մատակարարելու վերաբերյալ, ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հերքել էր դրանք։
Այս անգամ, սակայն, հրապարակային հստակ պարզաբանում դեռ չենք հայտնաբերել։
Եթե Մոսկվայում շրջանառվող տեղեկություններն իրական հիմքեր ունեն, ապա գործ ունենք Հայաստանի համար հնարավոր լրջագույն հետևանքներ ունեցող գործընթացի հետ։
Եթե նման արտադրություն գոյություն ունի, և Հայաստանի իշխանությունները տեղյակ են դրանից ու թույլատրել են այն, ապա Հայաստանը կարող է փաստացի ներգրավված լինել Ուկրաինայի ռազմական մատակարարման շղթայում։ Իսկ եթե արտադրությունն իրականացվում է առանց իշխանությունների գիտության, ապա առաջանում է մեկ այլ հարց՝ ինչպե՞ս է Հայաստանի տարածքում հնարավոր նման գործունեություն՝ առանց պատկան մարմինների վերահսկողության։
Երկու դեպքում էլ հնարավոր հետևանքները կարող են ծանր լինել՝ սկսած Ռուսաստանի հետ հարաբերությունների հետագա վատթարացումից մինչև տնտեսական և անվտանգային նոր ռիսկեր։
Հաշվի առնելով ադրբեջանական լրատվամիջոցներում տարածվող տեղեկություններն ու դրանց հնարավոր հետևանքները՝ Հայաստանի իշխանություններին ուղղում ենք մի քանի հարց։
1. Արդյո՞ք Հայաստանում արտադրվում կամ հավաքվում են ԱԹՍ-ներ կամ դրանց բաղադրիչներ, որոնք ուղղակիորեն կամ միջնորդավորված կարող են մատակարարվել Ուկրաինային։
2. Արդյո՞ք Հայաստանի տարածքով կարող է իրականացվել չինական ծագման տեխնոլոգիական բաղադրիչների վերաարտահանում Ուկրաինա՝ ռազմական նպատակներով օգտագործելու համար։
3. Արդյո՞ք Մոսկվան այս հարցով արդեն պարզաբանումներ է պահանջել կամ նախազգուշացումներ փոխանցել Երևանին։
4. Ինչո՞ւ Հայաստանի պաշտոնական մարմինները հրապարակայնորեն չեն արձագանքել ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված այս տեղեկություններին։ Արդյո՞ք դրանք ստուգվել են իրավասու կառույցների կողմից։
Այս հարցերը պահանջում են հստակ պատասխաններ։ Եթե տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, իշխանությունները պետք է ներկայացնեն փաստարկված հերքում։ Իսկ եթե համապատասխանում են, հանրությունը պետք է իմանա՝ ով է կայացրել համապատասխան որոշումները և ինչ ռիսկեր է ստանձնել Հայաստանը։
Ի վերջո, անկախ նրանից՝ գործ ունենք իրական ռազմական արտադրության, թե ադրբեջանական տեղեկատվական գործողության հետ, երկու դեպքում էլ հարցն առնչվում է Հայաստանի ազգային անվտանգությանը։ Եվ երկու դեպքում էլ իշխանությունների լռությունը չի կարող փոխարինել սպառիչ պարզաբանումներին։



