Օրերս «Առավոտ» օրաթերթը գրել էր ««Դա իսկական մղձավանջ էր, մենք շոկի մեջ էինք». ամերիկահայ ուսուցչուհին՝ Վայքի հիվանդանոցի մասին» վերտառությամբ հոդված, որում ԱՄՆ ՀԲԸՄ «Մանուկյան-Դեմիրճյան» վարժարանի փոխտնօրեն Անահիտ Նալբանդյանը ներկայացնում էր, որ Վայքի բժշկական կենտրոնը անմխիթար վիճակում է գտնվել, երեխային, ով գտնվել է Նալբանդյանի պատասխանատվության տակ, պատշատ բուժօգնություն չեն ցուցաբերել, հիվանդանոցն ու շտապ օգնության մեքենաները անհրաժեշտ պարագաներով ապահովված չեն եղել:
«Շտապօգնության մեքենայի մեջ թթվածնի սարքը չէր միանում, օդափոխիչ չկար, մի կերպ դխդխկալով հասանք Վայք: Վայքի հիվանդանոց հասանք, արդեն երեկոյան 9-ն անց էր: Պատգարակը բերեցին, որ տանեն ներս, վրան սավան չկար, դա դեռ ոչինչ, պատգարակն ինքը պատռված էր, գոտի չուներ, որ երեխային կապեինք, չշարժվեր: Երեխան էլ սրսկումների ազդեցության տակ քնել էր: Տարան մեզ վերեւ, մի հատ սենյակ… հիմա բացատրեմ, թե ինչ տեսա այնտեղ. մի կեղտոտ սենյակ, որտեղ ոչինչ չկա, բացի մի կոտրված սեղանից, մի ճղճղված վարագույրից, մի աթոռից ու մի բուժքույրից, որ նստած էր, ձեռքը մի տետրակ ու գրիչ, ու մի բալկոնի պես բան կար, որտեղ մեկը կանգնել՝ ծխում էր»,-«Առավոտ»-ի հետ զրույցում նշել է Անահիտ Նալբանդյանը:
Politik.am-ը հարցի շուրջ զրուցեց Վայքի հիվանդանոցի («Վայքի բուժական միավորում» ՓԲԸ) ղեկավար Ռոբերտ Ասլանյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում պատմությունը հիմարություն որակեց.«Ես չհասկացա՝ այդ կինն ով էր, որտեղից էր հայտնվել: Չգիտեմ՝ ինչից է դժգոհել հերոսը, ես չեմ հասկանում: Այդ օրն, ի դեպ, մարզպետն էլ է հիվանդանոցում եղել: Հիվանդանոցում կան բոլոր անհրաժեշտ պայմանները, սա հո երեկվա հիվանդանոց չէ, այդ պատմությունը չափազանցրած է»:
Հիվանդանոցի ղեկավարը պնդեց՝ չի հասկանում՝ Անահիտ Նալբանդյանին ինչը դուր չի եկել.«Հետաքրքիր է՝ որ երկրի բժշկության հետ է համեմատել. գուցե համեմատել է Գերմանիայի կամ Շվեյցարիայի հետ, դրա համա՞ր դուր չի եկել»:
Անդրադառնալով շտապ օգնության մեքենաների պայմաններին՝ Ռոբերտ Ասլանյանը նշեց.«Թող գան շտապ օգնության մեքենաներն էլ նայեն, ստուգեն մեքենաների մաքրությունը, ամեն ինչ կարգին է»:
Հիվանդանոցի ղեկավարը տեղեկացրեց, որ այդ պահին ինքը ներկա չի եղել, բայց հետո զրուցել է բժշկի հետ: Վստահ է, որ ամեն ինչ նորմալ է կատարվել:
Նշենք, որ «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանի ֆեյսբուքյան էջում դեպքի վերաբերյալ մեկնաբանություն էր գրել նաև Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ նշելով.«Իհարկե Վայոց Ձորի հիվանդանոցները կատարյալ չեն, և մենք հենց դրա պատճառով այնտեղ ամբողջովին նոր հիվանդանոց ենք կառուցում, բայց այս ոճի «գեղարվեստական» պատմություններն էլ չեն արտացոլում իրական պատկերը։ Ասենք, եթե ճանապարհին փոս կա, և մեքենան դխդխկում է, դա է՞լ է մեր մեղքը: Կամ եթե բժիշկն ասում է՝ հետ պետք է գնամ, ու ճիշտ է ասում, դա է՞լ է մեղք: Եվ վերջինը, հենց նաև սրա համար ենք մենք ուզում 1 ընդհանուր ՇՕ ծառայություն հիմնել ամբողջ երկրում, որ որոշում կայացնողը լինի ՇՕ կենտրոնական դիսպետչերը, ոչ թե յուրաքանչյուր մարզային ԲԿ տնօրենը, ում հիմա պատկանում է մարզային ՇՕ-ն»։



