
«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն ԱԺ-ում կայացած իմփիչմենթի թեմայով լսումների ընթացքում ներկայացրեց ընդդիմության հիմնական դիտարկումները և կարևորեց միասնական գործողությունների անհրաժեշտությունը։
Նա նշեց, որ վերջին ամիսներին տեղի ունեցած քաղաքական քննարկումները ցույց են տվել ընդդիմադիր ուժերի միջև կոնսենսուս մի շարք առանցքային հարցերում՝ կառավարության նկատմամբ անվստահություն հայտնելու հիմքերից մինչև իշխանությանը «կոմֆորտ զոնայից» դուրս բերելու քայլեր։
Աբրահամյանի խոսքով՝ ընդդիմադիր դաշտում գերակշռող է այն համոզմունքը, որ պետք է կանխել իշխանության կողմից սեփական օրակարգի պարտադրումը և ընդդիմությունն ինքը պետք է ձևավորի քաղաքական օրակարգը։
Անդրադառնալով իրավիճակի լրջությանը՝ նա հիշեցրեց, որ իշխանության յուրաքանչյուր օրը ծայրահեղ վտանգավոր հետևանքներ է ունենում երկրի համար, ընդգծեց Հայ Առաքելական եկեղեցու դեմ իրականացվող ճնշումները, քաղաքական բանտարկյալների հարցը և տարածաշրջանային զարգացումները։
Ամփոփելով իր ելույթը՝ Աբրահամյանը կոչ արեց ընդդիմադիր բոլոր ուժերին հրաժարվել նեղ կուսակցական շահերից ու տարաձայնություններից:
«Եկեք մի կողմ դնենք մեր մեջ եղած բոլոր տարաձայնությունները, նեղքաղաքական շահերը և մանրամասն քննարկումներով, կարծիքների փոխանակմամբ հասնենք առավելագույնս մեծ կոնսենսուս ապահովող և դրա իրականացման համար վստահելի ու փոխընդունելի գործիքների շուրջ համաձայնության»,-ասաց Աբրահամյանը։