Պատերազմի սկսվելուց հետո Իրանում իշխանության...

Մերձավոր Արևելքում պատերազմի սկսվելուց հետո Իրանում կարճ ժամանակով իշխանության վակուում էր առաջացել, գրում է NYT-ը։ Սակայն այն արագորեն լրացվել է և իսլամական հանրապետության կառավարման ճարտարապետությունն սկսել է էականորեն փոխվել։

Այաթոլլա Ալի Խամենեիի սպանությունից հետո ձևավորվել է կոլեկտիվ ղեկավարման նոր մոդել, որի պայմաններում զգալիորեն հզորացել է նաև Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ)։ Եթե ավագ Խամենեիի օրոք պատերազմի, խաղաղության և ԱՄՆ-ի հետ բանակցությունների հարցերում ողջ իշխանությունը կենտրոնացված էր նրա ձեռքում, ապա նրա որդին և հաջորդը՝ այաթոլլա Մոջթաբան, նման լիազորություններ չունի։

Մոջթաբա Խամենեին մնում է փակ գործիչ և նշանակման պահից ի վեր գրեթե չի հայտնվում հանրության առջև։ Անվտանգության, պատերազմի և դիվանագիտության հարցերում առանցքային որոշումները կայացնում է ԻՀՊԿ հրամանատարների խումբը։

«Մոջթաբան երկիրը ղեկավարում է այնպես, կարծես խորհրդի տնօրեն լինի», — հայտարարել է քաղաքական գործիչ Աբդոլռեզա Դավարին։ Նրա խոսքով՝ որոշումները կայացվում են կոլեկտիվ կերպով, իսկ գեներալները փաստացի ընդգրկված են այդ «խորհրդի» կազմում։

Միևնույն ժամանակ, հենց ինքը՝ Ալի Խամենեին, չնայած ստացած ծանր վիրավորումներին, գիտակցության մեջ է և շարունակում է մասնակցել կառավարմանը։ Աղբյուրները հայտնում են, որ նա մի քանի վիրահատության է ենթարկվել, խոսելու դժվարություններ ունի և հրապարակային ելույթներ չի ունենում՝ սահմանափակվելով գրավոր հայտարարություններով, որոնք փոխանցվում են վստահելի սուրհանդակների միջոցով։

Առողջական խնդիրների և անվտանգության նկատառումներից ելնելով՝ լիազորությունների մի մասը պատվիրակվել է զինվորականներին։ Թեև քաղաքական համակարգում դեռևս ներգրավված են տարբեր խմբավորումներ, վերլուծաբանները նշում են, որ հենց ԻՀՊԿ-ն է դարձել առանցքային ուժը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախկինում հայտարարել էր «վարչակարգի փոփոխության» մասին, սակայն փաստացի Իսլամական հանրապետությունը պահպանվել է, իսկ իշխանությունը կենտրոնացել է ավելի կոշտ ռազմական էլիտայի ձեռքում (հոգևորականության ազդեցության նվազման ֆոնին)։

«Մոջթաբան դեռևս ամբողջությամբ չի վերահսկում ամեն ինչ… նրան հաճախ պարզապես կանգնեցնում են փաստի առաջ», — նշում է փորձագետ Սանամ Վաքիլը։

ԻՀՊԿ-ն, որը ստեղծվել է 1979 թվականի հեղափոխությունը պաշտպանելու համար, հետևողականորեն մեծացնում է իր ազդեցությունը․ նրա ներկայացուցիչները զբաղեցնում են պետական առանցքային պաշտոններ, վերահսկում ռազմավարական ճյուղերն ու արտաքին գործողությունները։ Խամենեիի մահից հետո հենց կորպուսն է աջակցել Մոջթաբային և կարևոր դեր խաղացել նրա՝ որպես առաջնորդ հաստատվելու հարցում։

Ըստ աղբյուրների տվյալների՝ հենց ԻՀՊԿ-ն է որոշում պատերազմի ռազմավարությունը, ներառյալ Իսրայելին ու Պարսից ծոցի երկրներին հասցված հարվածները, ինչպես նաև ԱՄՆ-ի հետ բանակցությունների մարտավարությունը։ Ավելին, Վաշինգտոնի հետ բանակցություններում առաջին անգամ ներգրավված են ռազմական կորպուսի ներկայացուցիչներ։

Միևնույն ժամանակ, քաղաքական ղեկավարության և զինվորականների միջև պահպանվում են տարաձայնությունները։ Մասնավորապես, ԱՄՆ-ի հետ Իսլամաբադում ընթացող բանակցությունները տապալվել են այն բանից հետո, երբ գեներալները դրանք անիմաստ են համարել ԱՄՆ-ի կողմից շարունակվող շրջափակման ֆոնին։

Քաղաքական գործիչների մի մասը, ներառյալ նախագահը և ԱԳ նախարարության ղեկավարը, հանդես են եկել երկխոսության շարունակման օգտին՝ մատնանշելով պատերազմի հետևանքով հասցված լուրջ տնտեսական վնասը, որը գնահատվում է 300 միլիարդ դոլար։ Սակայն իշխանությունն այս պահին զինվորականների ձեռքում է։

Չնայած հրադադարի ռեժիմի երկարաձգմանը՝ իրավիճակը մնում է անորոշ։ Պարզ չէ, թե արդյոք Իրանը զիջումների կգնա միջուկային ծրագրի հարցում (ներառյալ ուրանի հարստացումից հրաժարվելը)։

Երկրի ներսում պահպանվում է «կոշտ գծի» կողմնակիցների կողմից գործադրվող ճնշումը։ Նրանք դեմ են ցանկացած փոխզիջման։ Նրանք բողոքի ակցիաներ են իրականացնում և պահանջում շարունակել առճակատումը։

Խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, ելույթ ունենալով հեռուստատեսությամբ, ընդգծել է, որ Իրանի ռազմական հաջողությունները պետք է օգտագործվեն որպես դիվանագիտական գործիք։

«Մեր ռազմական ձեռքբերումները չեն նշանակում, թե մենք ավելի ուժեղ ենք, քան Միացյալ Նահանգները», — հայտարարել է նա՝ կոչ անելով ցուցաբերել ավելի պրագմատիկ մոտեցում։