ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Պատերազմի նպատակի և ըստ այդմ կառավարության վերակազմավորման վերաբերյալ
2020 թ. սեպտեմբեր 27-ին մեկնարկած պատերազմը ազդարարեց մեկ դար առաջ ռուս-թուրքական պայմանավորվածություններով ձեւավորված տարածաշրջանային ճարտարապետության փլուզումը եւ սիրիական տարբերակով տեւական անկայունության ու քաոսի ներմուծումը Հարավային Կովկաս:
Այս քաոսի ավարտը կարող է ունենալ երկու ելք. կամ թշնամին կջախջախի մեզ ու կկործանի հայոց պետականությունը, կամ մենք կջախջախենք նրան ու կկազմաքանդենք Ադրբեջան կոչվող արհեստական պետությունը:
Սա շատ լավ գիտակցում է թշնամին: Նա բազմիցս հայտարարել է դրա մասին՝ հանգրվանային խնդիրներ դնելով վերանվաճել Արցախը, հետո Սյունիքը, իսկ այնուհետեւ՝ վերացնել արդեն մնացյալ Հայաստանը:
Մենք պարտավոր ենք հստակ գիտակցել, որ այս պատերազմը ոչ թե Արցախի, այլ ամբողջ Հայաստանի համար է: Ուստի, կախված մեր վարքագծից, տարածաշրջանի նոր կայուն ճարտարապետությունը կձեւավորվի կամ Հայաստանի, կամ Ադրբեջանի լինել-չլինելու հաշվին:
Ահա թե ինչու մեր հաղթանակի վերջնական նպատակը պետք է դառնա տարածաշրջանի այնպիսի ճարտարապետության ձեւավորումը, որտեղ Հայաստանի Հանրապետությունը վերջնականապես կչեզոքացնի արեւելքից սպառնացող վտանգը՝ զբաղեցնելով Քուռ-Արաքսյան միջակայքը, իսկ Ադրբեջանի տարածքում բնակվող իրազավազրկված բնիկ ժողովուրդները կինքնորոշվեն եւ կստեղծեն իրենց ազգային պետությունները:
Այսպիսով, կենսականորեն անհրաժեշտ ենք համարում Ադրբեջանի կազմաքանդումը սահմանել որպես պատերազմի քաղաքական նպատակ եւ նախանշել դրան հասնելու հետեւյալ հանգրվանները.
1) համախմբել առկա ներուժը եւ կասեցնել թշնամու առաջխաղացումը,
2) կուտակել համապատասխան ռեսուրս եւ անցնել հակագրոհի՝ առնվազն վերականգնելով նախկին ստատուս քվոյի սահմանները, ինչի շնորհիվ Ադրբեջանում որոշ ժամանակ անց տեղի կունենա Ալիեւյան ռեժիմի փլուզում եւ անկայունացում,
3) պատրաստ լինելով այդպիսի զարգացմանը՝ լայնածավալ հակահարձակմամբ հասնել Քուռի աջ ափ ու ավարտել այդ արհեստական պետության կազմաքանդումը:
Ադրբեջանի վերջնական կազմաքանդումը ոչ միայն հայկական նպատակ է, այլեւ ձեռնտու է տարածաշրջանում թուրքական անկառավարելի քաոսի կանխմամբ շահագրգիռ բոլոր մեծ ու փոքր ուժերին: Ուստի դրա իրագործումը Հայաստանի համար կապահովի ընդլայնված դաշնակցություն եւ ռեսուրսներ՝
զուգահեռաբար ծառայելով ժողովուրդների համար երկարատեւ խաղաղության ու կայունության հաստատման համամարդկային առաքելությանը:
Այս նպատակին ձգտելիս անհրաժեշտ է նկատի ունենալ, որ մեր կողմն է ոչ միայն արդարությունը, այլեւ միջազգային իրավունքը: Հայաստանի արեւելյան կողմի տարածքները, այդ թվում՝ Արցախը եւ Գարդմանքը, Ազգերի լիգայի որոշմամբ դեռեւս մեկ դար առաջ ճանաչվել են որպես Հայաստանի Հանրապետության մաս, ուստի դրանք մեզ են պատկանում ոչ միայն պատմականորեն, այլեւ միջազգային իրավունքով:
Ըստ այդմ՝ հաղթանակի այս ծրագիրը իրականացնելու համար անհրաժեշտ ենք համարում վերակազմավորել կառավարությունը՝ նրա կառուցվածքի եւ գործառույթների առյուծի բաժինը վերապահելով ռազմական բաղադրիչին:
Ներկայիս ծանր վիճակում առաջին հերթին էական է պահպանել ոգեղենությունն ու հաղթանակի հավատը:
Ամեն ինչից առաջ ազգովին պետք է մերժենք եւ բացառենք որեւէ զիջում, թշնամու գրավածի հետ հաշտվելու եւ զինադադար կնքելու որեւէ առաջարկություն:
Համոզված լինենք, որ ինչպես հերթական անգամ ցույց տվեցին մեր հերոսական բանակն ու ժողովուրդը, եթե մենք համախմբվում ենք ու դիմադրում, ապա թշնամին ոչ միայն չի կարողանալու կոտրել մեզ, այլեւ ինքն է կոտրվելու:
Հաղթելու ենք:
Ազգային-ժողովրդավարական բեւեռի նախաձեռնող խումբ
28 հոկտեմբեր 2020 թ., Երևան



