Պատերա՞զ, թե՞ պարտություն․ Էդգար Էլբակյան

Էդգար Էլբակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

 Վստահ եմ՝ շատերիդ է հայտնի «Կնքահայրը» ֆիլմի այս դրվագը, որտեղ Վիտո Կորլեոնեն խոստովանում է փոքր որդուն, որ նրան պատկերացրել է այլ կյանքով՝ պետական գործչի՝ սենատորի, նահանգապետի…

• Սա գեոպոլիտիկ իմաստով «հարավային» աշխարհին, դիցուք՝ մեքսիկացիներին, պորտուգալացիներին, իտալացիներին, հույներին, հայերին, արաբներին ու այլ անկյալ/«անգյալ» մշակույթներին բնորոշ դասական երևույթ է, երբ կյանքի պայքարը դիտարկվում է մեկ սերնդի շրջանակներում, երբ կա խաբկանք, թե մեկ սերնդի վաստակածը կարող է հավիտենապես հերիքել մյուսներին։

• Նույն կերպ Հայաստանի ներկա պետության արցախյան դինաստիան, որ ազատագրել էր Արցախը, ցանկանում էր զիջումների գնով հասնել նրան, որ ԼՂ հարցի «բեռը» (sic!) չմնա հաջորդ սերունդներին։ Գրո՜ղը տանի, իսկ ի՞նչ պիտի անեին այդ դեպքում հաջորդ սերունդները, եթե ոչ հայրերի պայքարը շարունակելը։ Զուտ ծնվեի՞ն, հաց ուտեի՞ն, արտաթորեի՞ն, բազմանայի՞ն ու մեռնեի՞ն։ Նման իմաստազուրկ կյանք հնարավոր է վարել աշխարհի շատ ու շատ այլ անկյուններում։

• Եթե Հայաստանը չէր առաջարկելու յուրատեսակ իմաստ իր քաղաքացիներին, եթե «մաֆիոզը» որդուն առաջարկում է «սենատոր» դառնալ, ուրեմն որդին ո՛չ մեկը կլինի, ո՛չ մյուսը, ինչպես այսօրվա ՀՀ քաղաքացիները, որ «Ղարաբաղը տվեցին», բայց միևնույնն է՝ «հանգիստ չեն ապրում»։

• Աշխարհում ամենաշատ պատերազմներ եղել են այն վայրերում, որոնք այսօր ամենազարգացածն են։ Սա այնքան հանրահայտ գիտական ճշմարտություն է, որ «գիտունիկի» պես հիշատակելն անգամ ամոթ եմ համարում։ Գարեգին Նժդեհը հենց սա նկատի ուներ, երբ ասում էր, որ «պատերազմներն են օրօրել մարդկութեան մանկութիւնը եւ ո՛չ խաղաղութիւնը, որը բնական վիճակը չի եղել, այլ` պատերազմների կարճատեւ դադար միայն: Աշխարհը կառավարում է հակամարտութեան օրէնքը»։

• Պատերազմից խուսափող, «անգյալության» ձգտող էլիտաներն իրենց ժողովուրդներին տանում են ոչնչացման։