Կասեցվել է «Աշտարակ Միլք» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրական գործունեությունը, հաղորդել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը:
ՍԱՏՄ Երևան կենտրոնի տեսուչներն արձանագրել են, որ այս ընկերությունում իրականացրած ստուգման ընթացքում հայտնաբերվել են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ, մասնավորապես՝
կաթի մթերման և պաղեցման արտադրական շինությունը սարքավորված չի եղել ձեռքերը սրբելու, չորացնելու համար նախատեսված սարքերով,
տարածքի հատակին եղել են լվացման, ախտահանման, ցամաքեցման աշխատանքների իրականացմանը խոչընդոտող անհարթություններ,
պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից, պատերին եղել են վնասված հատվածներ, ջրի խողովակների վրա եղել են կոռոզիայի հետքեր, իսկ լարերի վրա` կեղտի կուտակումներ,
բացվող ներքին պատուհանին եղել են բորբոսի հետքեր,
կաթի հավաքման տարողությունների և սառնարանների ոտնամասերին եղել են կոռոզիայի հետքեր։
Խախտումների վերացման համար սահմանվել է վերջնաժամկետ:



